2020 թվականին տարածվել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև խոսակցության ձայնագրությունը՝ արված 2016 թվականի հոկտեմբերի 14-ին, Երևանում։ Դրանում Լուկաշենքկոն Իլհամ Ալիևի անունից առաջարկում էր հինգ միլիարդ դոլար՝ յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու դիմաց։
Սերժ Սարգսյանը հակադարձել էր, նշելով, որ ինքը նրան կտա 6 մլրդ դոլար՝ թող հրաժարվի այդ շրջաններից:
Թեմային ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույում։
«Այսպես ասած՝ այդ թեզը, այդ մեղադրանքը տարածողները, կարծում եմ իրենք էլ շատ լավ հասկանում էին, թե ես ինչ եմ ուզում ասել. երբ ես հակադարձում էի Լուկաշենկոյին, ավելի ճիշտ՝ Լուկաշենկոյի միջոցով Ալիևին, ի դեպ, պետք է ասեմ, որ դա առաջին խոսակցությունը չէր, նախկինում էլ ես ունեցել եմ այդպիսի խոսակցություն Ալիևի հետ»,-ասաց պաշտոնաթող նախագահը։
Նրա խոսքով, Ալիևն իրեն անձնապես չի ասել, ուղղակի այդպես ասվել է։
«Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը, որ սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ, ովքեր իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ, անկախ: Դուք արդյոք կասկածո՞ւմ եք, որ եթե հանկարծ մի հրաշքով Ալիևը դրան համաձայներ, ի՞նչ է, մենք ունա՞կ չէինք այդ վեց միլիարդը հավաքելու: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կհավաքեինք, ես վստահ եմ, որ բոլոր մեծահարուստ հայերը, և ոչ միայն մեծահարուստները, իմ թիկունքին կանգնած կլինեին այդ հարցով: Ուղղակի, իմ պատասխանը, ոչ թե կատակային էր, այլ չոր էր, որ եթե դու ուզում ես սակարկել, ես պատրաստ եմ ավելի մեծ գումար վճարել, եթե քո չափանիշները չափվում են փողով, ես ավելի բարձր գին եմ տալիս:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք հնարավոր համարում է ինքը, որ Ալիևն այդ առաջարկը ներկայացրել է նաև իր հետնորդին՝ Նիկոլ Փաշինյանին, Սարգսյանը պատասխանեց․
«Չեմ կարող բացառել, համենայն դեպս հայտնի է դարձել, որ Ալիևը և կապիտուլանտը գաղտնի բանակցություններ են ունեցել: Հայտնի է, թե ովքեր էին վարում այդ բանակցությունները, հայտնի է, որ հայկական կողմից այսպես ասած օպերատիվ կապն ապահովողը նամակ է հանձնել կապիտուլանտին, և նա այդ նամակը չի պատռել, չի ասել՝ այստեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է՝ շատ լավ: Ես չեմ կարող ասել, պնդել, որ այնտեղ հենց առաջարկություն է արվել, չեմ էլ կարող ժխտել, բայց իրադարձությունների զարգացումը ամբողջական իրավունք է տալիս յուրաքանչյուրին ողջամիտ կասկած ունենալու: Սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք վերջնական եզրակացության հանգել, ապա մենք պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է: Նորից եմ կրկնում, ողջամիտ կասկած ունենալու իրավունք բոլորն ունեն:
Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի հավանական՝ այն, ինչի մասին հիմա հազարավոր մարդիկ են խոսում, թե՞ «Մանվելի տուշոնկա գողանալը»: Ես համոզված եմ, հանրապետությունում չկա մեկը, որը հիմա հավատում է, որ Մանվելը «տուշոնկա» է գողացել, բայց տասնյակ հազարներ արդեն խոսում են այդ կասկածի մասին: Ես չեմ պնդում, որ այդպես է եղել, չեմ էլ կարող հերքել, ի՞նչը հիմք ընդունեմ հերքելու համար՝ պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձություննե՞րը, թե՞ պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները: Եթե Շուշին «դժգույն, դժբախտ» քաղաք է, եթե Շուշին «հայկական չէ», և եթե մարդն ունի այն ցինիկ համարձակությունը խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշները ի՞նչ իրավունքով պետք է բացառենք դավադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, առանց ցավ զգալու, առանց ափսոսանքի, առանց մեղավորության նշույլի, լկտիաբար արդարացնում են՝ դե ի՞նչ էր, տվել ենք, տվել ենք, ի՞նչ եք ուզում»։