Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև․ Սերժ Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում

«Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք՝ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին․ պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ՝ մնացած բոլոր հարցերում, կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել»։

Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով 2018 թվականի հեղափոխության ու իր հրաժարականի մասին։

«Ինչ վերաբերում է իմ՝ հանրության կողմից հետաքրքրություն ստացած ասածներին, ապա կարող եմ ասել միայն հետևյալը, որ ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան՝ ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ կողքի, մի 30-40 րոպե հանգիստ մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ՝ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք»,-մանրամասներ ներկայացրեց, ՀՀ 3-րդ նախագահը։

Նա նշեց, որ ավելի ուշ Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իր հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա երրորդ խմբագրումն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել