Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։
Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։
Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք»։