Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խոսել է երկու երկրների միջև երկարամյա ռազմավարական հարաբերություններից ինչպես քաղաքական, այնպես էլ՝ պետական կառավարման ոլորտում, ապա ներկայացրել է հետպատերազմյան այս շրջանում համագործակցության ռազմավարական ուղղությունների նոր օրակարգ առաջադրելու և առաջնահերթությունները վերանայելու կարևորությունը։

Նախարարը շեշտել է, որ գործողությունները պետք է ուղղված լինեն 44-օրյա պատերազմի հետևանքների գույքագրմանը, մեղմմանն ու հաղթահարմանը։

Պարոն Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ իրենք շահագրգիռ են ընդլայնել գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները։

Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունները հիմնականում զարգանում են գլոբալ և տարածաշրջանային միջազգային բնապահպանական կոնվենցիաների և միջազգային գործընթացների շրջանակներում, ինչպես նաև՝ ՀՀ և ՌԴ-ի միջև տնտեսական համագործացության միջկառավարական հանձնաժողովների նիստերի որոշումների հիման վրա։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փոխգործակցության առավել մանրամասն ճանապարհային քարտեզ կազմելու, երկու երկրների գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցությունը խթանելու և նոր մակարդակի վրա դնելու նպատակով Հայաստան է հրավիրել Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար իր գործընկերոջը և այդ հարցում ակնկալում է դեսպանի գործուն աջակցությունը։

Կողմերը քննարկել են 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության և ՌԴ-ի բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության հուշագիրը։ Նախարարը փաստել է, որ հուշագրի կետերը ժամանակակից մարտահրավերներին առավել համապատասխան դարձնելու կարիք կա։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նախարարության կողմից իրականացվող «10 միլիոն» լայնածավալ ծառատունկի նախագծի և անտառկառավարման ոլորտում մեկնարկած բարեփոխումների վրա՝ ակնկալելով հետագա առավել խորացված փոխգործակցություն՝ առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։

Ամփոփելով հանդիպումը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ նախանշելով հայ–ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների և մասնավորապես՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ռեսուրսների արդյունավետ կիրառման համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել