Գուրգեն Ներսիսյանն ընտրվել է Արցախի գլխավոր դատախազ։ Այս մասին հյատնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքը։
«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:
Անցնելով հարցի քննարկմանը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ,Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը: Խոսելով թեկնածուի անձնային, մասնագիտական որակների մասին՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ գործ ենք ունենալու անձնուրաց, սկզբունքային, արհեստավարժ և հմուտ պաշտոնյայի հետ:Նախագահի լիազորված ներկայացուցիչը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանում Գուրգեն Ներսիսյանի ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությունը, ինչպես նաև գերիների հայտնաբերման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման աշխատանքները:Ելույթի ավարտին Արտակ Բեգլարյանը առաջարկել է վստահության քվեն տալ Գլխավոր դատախազի թեկնածուի օգտին:
Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝Գուրգեն Ներսիսյանը ընդգծել է ,որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային և թափանցիկ ՝ապահովելով արդարության և արդարադատության շոշափելիությունը: Անդրադառնալով Ազգային ժողովում խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է.
«Խմբակցություններում հնչած առաջարկությունները, մտահոգությունները և խնդիրները ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանը»:
Թեկնածուն համապատասխան պարզաբանումներ է տվել պատգամավորների առաջադրած հարցերին:Մտքերի փոխանակության ընթացքում հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Արևիկ Պետրոսյանը:
Այնուհետև խորհրդարանը անցել է գաղտնի քվեարկության:Ներկայացնելով արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է,որ քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է Գուրգեն Ներսիսյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու առիթով և մաղթել արդյունավետ գործունեություն:
Տեղի է ունեցել նորընտիր Գլխավոր դատախազի երդման արարողությունը»,- ասված է հայտարարության մեջ: