Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում անվտանգությունն ապահովելու են ՀՀ և ՌԴ սահմանապահները․ ՀՀ ՊՆ

Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների սահմանապահներ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև։

«Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների` հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:
Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել