Տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), որոնք անհայտ են երրորդ անձանց (չբացահայտված տեղեկատվություն), օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի այդ տեղեկատվությունը պահպանել ապօրինի օգտագործումից, եթե
· այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք,
· չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և
· տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:
Չբացահայտված տեղեկատվության պահպանության իրավունքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են վերը նշված պայմանները:
Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը ծագում է անկախ այդ տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն):
Չբացահայտված տեղեկատվության պահպանության կանոնները չեն կիրառվում այն տեղեկությունների նկատմամբ, որոնք օրենքին համապատասխան չեն կարող լինել ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք (իրավաբանական անձանց, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, պետական վիճակագրական հաշվետվության տեղեկությունները և այլն):
Աղբյուրը` Իրավաբան.net