14 տարեկան երեխան կարող է ՄԻԱՎ-ի թեստ հանձնել, եթե դրական եղավ՝ ուղիղ Հրազդանի մոստ․ Սոֆյա Հովսեփյան

Տիկին Նանուշյան, շատ սիրուն բառերով ասացիք, սիրուն խոսեցիք, ոչ մեկ ոչ մի բան չհասկացավ, բայց հիշեք՝ սա օրենսդիր մարմին է, այստեղ նստած են մարդիկ, ովքեր գիտեն, թե Դուք ինչ եք բերել։ Ազգային ժողովում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Ինչ է նշանակում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի լուծարումից հետո բերել եք լուծարման օրենքը օրինականացնեք։ Օրենքի տակ ռումբեր դրած եկել զեկուցում եք, այստեղ էլ այդ մասին չեք խոսում։ Ինչու չեք մարդկանց տեղեկացնում, որ այսօր 14 տարեկան, այն դեպքում, երբ ՀՀ-ում միջին թվով սեռական կյանքով ապրում են 18 տարեկանները, կարող է առանց ծնողի ՄԻԱՎ թեստ հանձնել և հետո ստանալ արդյունքները, եթե դրական եղավ՝ ուղիղ Հրազդանի մոտ կամ ինչ-որ տեղ»,-նշեց Հովսեփյանը։

Պատգամավորը նշեց, որ փոխնախարար Լենա Նանուշյանը դեռ 2013-ին փորձագետ եղած ժամանակ ցանկացել է անցկացնել, սակայն չի ստացվել։

Փոխնախարարը նշեց, որ 14 տարեկանները թեստ կարող են հանձնել օրենքով, որը գործում է ավելի քան 10 տարի, իսկ նախագիծը ընդհանրապես կապ չունի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի լուծարման հետ։

«Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խնդիր չէ մեզ համար, կա թեստավորում, բուժում։ Կորոնավիրուսը ավելի մեծ խնդիր է մեզ համար, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը»,-նշեց Նանուշյանը։

Նշենք, որ ԱԺ-ում Նանուշյանի ներկայացրած նախագիծը նախատեսում է չկիրառել քրեական պատասխանատվություն հետևյալ դեպքերի համար.

  • երբ անձը տեղեկացված չէ իր հիվանդության մասին,
  • երբ անձը չի հասկանում, թե ինչ ուղիներով է փոխանցվում ՄԻԱՎ-ը,
  • բացահայտել է իր ՄԻԱՎ կարգավիճակը տվյալ անձին,
  • չի բացահայտել իր կարգավիճակը, քանի որ վախեցել է բռնությունից կամ այլ ծանր բացասական հետևանքներից,
  • ձեռնարկել է որոշակի միջոցներ, որպեսզի նվազեցնի վարակի փոխանցման վտանգը (օրինակ՝ սեռական հարաբերություններ պահպանակի օգտագործումով),
  • երբ կողմերի միջև եղել է նախնական համաձայնություն` ընդունելով հնարավոր վտանգը:

ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու դեպքում:

Պետք է նշել, որ.

1) նշված հոդվածի առաջին մասի հիմավորվածությունը վիճելի է և անորոշ է սահմանում արարքի կանխատեսելիությունը և կանխամտածվածությունը` մեղադրական դատավճռի հիմնավորման համար, քանի որ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը հստակ չի մեկնաբանում պատասխանատվության ենթակա դեպքերը և երկակի մեկնաբանման հնարավորություն է տալիս: «Ակնհայտ վտանգի ենթարկել» կարող է դիտվել ցանկացած գործողություն, որի հետևանքով տեսականորեն մարդը կարող է վարակվել ՄԻԱՎ-ով,

2) նույն հոդվածի 1-ին մասը չի նախատեսում մեղքի այն ձևը, որի դեպքում անձը ենթակա է պատասխանատվության,

3) անկախ այն հանգամանքից, թե անձն այլ անձի վարակվելու ակնհայտ վտանգի է ենթարկել դիտավորությամբ, թե անզգուշությամբ` ենթակա է քրեական պատասխանատվության, անկախ այդ արարքի արդյունքում առաջացող հետևանքներից: Այսինքն, եթե նույնիսկ «այլ անձը» արդյունքում չի վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով, այդուհանդերձ «վարակելու ակնհայտ վտանգի ենթարկող» անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

Ելնեով վերը նշվածից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կողմից մի շարք միջազգային պայմանագրերով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորութուների կատարման անհրաժեշտությամբ, առաջարկվում է սույն նախագծով սահմանել ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր մոտ առկա ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված` դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ և փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:

Բացի այդ, Նախագիծը դրույթ է սահմանում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, եթե մյուս՝ ՄԻԱՎ-ով վարակված կամ վարակման վտանգի ենթարկված անձը ժամանակին նախազգուշացված է եղել առաջինի մոտ այդ հիվանդության առկայության մասին և կամավոր համաձայնվել է կատարել վարակման վտանգ ստեղծած գործողություն, կամ եթե հանցանք կատարած անձը ձեռնարկել է վարակը չփոխանցելու համար անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Սույն դրույթի ուժով կբացառվի ինչպես մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքում մոր նկատմամբ քրեական պատասխանավությունը, եթե վերջինս ձեռնարկել է վարակը չփոխանցելու համար անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, և այնուամենայնիվ վարակի փոխանցում տեղի է ունեցել, այնպես էլ զուգընկերոջ մոտ ՄԻԱՎ-ի առկայության մասին տեղեկացված լինելու և կամավոր ձևով վարակման վտանգ ստեղծող գործողություն կատարելու դեպքում: Սույն դրույթը, ըստ էության, հանդիսանում է պատասխանատվությունից ազատելու յուրահատուկ տեսակ, ինչը կապված է անձի` մինչև հանցավոր արարք կատարելը դրսևորած դրական վարքագծի հետ, որի հետևանքով նրա կողմից կատարված արարքը դադարում է սոցիալապես վտանգավոր լինել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել