Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեկտեմբերից մինչ օրս որևէ միջադեպ չի ֆիքսվել: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
«Դեկտեմբերից մինչ օրս մենք շփման գծում չունենք սպանություն, մեկ վիրավորում ունենք Շուշիում: Որևէ միջադեպ չի ֆիքսվել: Զինադադարի խախտում եղել է, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում: Բոլոր դեպքերը մենք ֆիքսում ենք, եթե ԼՂ հատվածում է լինում, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին»,- ասաց Հարությունյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ այդ անկանոն կրակոցների հարցը բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։