Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում և հարակից օրենքի նախագծերում փոփոխությունների և լրացումների փաթեթը։
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով գործադիրն առաջարկում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները, մեխանիզմները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ նախագիծը մի շարք համակարգային խնդիրներ ունի։ Պատգամավորը հատկապես ուշադրություն հրավիրեց բուհերի ակադեմիական ազատությանը, որը այս նախագծով սահմանափակվելու է։
«Բուհական ինքնավարության սկզբունքի ոտնահարման ցցուն օրինալ է նախագծով սահմանված հանրային բուհի կառավարման խորհրդի թվային հարաբերակցությունը և ձևավորման կարգը»,-նշում է պատգամավորը։
Ինչպես ավելի վաղ գրել էր նաև Իրավաբան․net-ը՝ նախագծով նախատեսվում է կրճատել կառավարման խորհուրդի կազմը, 12-ից այն դարձնել 9։ Նշվում է, որ 9-ից 5-ը գործադիր մարմնի ներկայացուցիչներ են լինելու, 4-ը՝ բուհի։ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը: Այսինքն, նախարարի կողմից ներկայացված նախագծի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը, քանի որ սահմանափակում են բուհի ինքնակառավարման իրավունքը։
Հակասահմանադրական է նաև նախարարի կողմից ռեկտորի նշանակումը։ Նախագծից ենթադրվում է, որ նախարարության կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամները ընտրելու են ռեկտորի թեկնածուների, իսկ նախարարը հաստատելու է մեկին կամ մերժելու է թեկնածուներին, եթե անգամ կա մեկ թեկնածու։
«Այս նախագծով իսպառ բացառվում է բուհերի ինքնավարությունը»,-նշում է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։