ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 26-ի ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա 09:40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 51-ամյա բնակիչը, մոր հետ միայնակ գտնվելով իրենց բնակարանում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ալկոհոլային հարբածության վիճակում բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որն առողջական խնդիրների պատճառով գտնվում էր անկողնային պայմաններում, այնուհետև ձեռքերով սեղմելով նրա բերանի և պարանոցի օրգանները, մեխանիկական շնչահեղձության եղանակով սպանել է մորը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: