Ավտոկայանատեղիների վճարների հետ կապված ավագանու անդամի բարձրացրած հարցը սխալ հասկացվեց

Երևանի ավագանու նիստում այսօր՝ փետրվարի 9-ին քննարկվեց կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշումը։

Հարցը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատաազմի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը։ «Երևան քաղաքի ավագանու 2013 թվականից 2020 թվականների համապատասխան որոշումների հիման վրա՝ ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանցից 14-ը դիմել են Երևանի քաղաքապետին՝ նախկինում թույլատրված ծառայողական ավտոկայանատեղիների շահագործումը 2021 թվականին շարունակելու իրավունք ստանալու խնդրանքով»,-ասաց վարչության պետը։

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ Ազգային ժողովում քննարկվել է կայանատեղիների վճարի հարցը․ «Նոր կայանատեղիները որ տալիս ենք, նախորդ այդ 100 հազար դրամ գնով, ԱԺ այդ նախագծին չի խանգարու՞մ, երբ այն սկսի այս տարվանից ուժի մեջ մտել։ Խանգարում է։ Այսինքն մենք հաջորդ տարի նոր կկարողանանք կիրառել»,-ասաց նա։

Վարչության պետը նշեց, որ մեկը մյուսին չպետք է կապել, քանի որ խոսքը ծառայողական ավտոկայանատեղիների մասին է խոսքը։  Նույնը պնդեց նաև քաղաքապետ Հայկ Մարությանը նշելով՝ «Տիկին Խաչատրյան ջան, էն բարձրացումը գումարի, սրա հետ կապ չունի, նա ուղղակի կայանատեղիների համար է, այսինքն բոլոր քաղաքացիների համար, սա տնտեսվարողների դիմած՝ երբ տնտեսվարողը դիմում է իր համար, ինքը տարբեր գործառույթներով է գնում։ Այլ հարց է, որ մենք կարող ենք բարձրացնել այս գումարները»,-ասաց նա։

Հարկ է նշել, որ ավտոկայանատեղիների վերաբերյալ մի շարք փոփոխություններ Ազգային ժողովն ընդունել է հունվարի 20-ին։

Այս փոփոխությունների համաձայն, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածը, որով սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը՝ նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

  1. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
  2. յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2 500 դրամ ներառյալ.
  3. մեկ շաբաթվա համար` մինչև 5 000 դրամ ներառյալ.
  4. մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ.
  5. մեկ տարվա համար` մինչև 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ:

Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված վճարի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

Ինչպես նշվել է, որ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

Ստացվում է, որ Անի Խաչատրյանը որոշ չափով ճիշտ է։ Համայնքի տարեկան բյուջեում փոփոխություն կատարելու դեպքում, որով դեկտեմբեր ամսին արդեն իսկ սահմանվել են կայանատեղիների դրույքաչափերը, ավագանին կարող է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծառայողական ավտոկայանատեղիների համար ոչ թե 100 հազար դրամ, այլ մինչև 300 հազար դրամ սահմանել։

Փոփոխություններն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել