ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, դրանց դեմ իրավապահ մարմինների մարզային կառույցների գործունեության, քրեական վարույթների շրջանակներում դատախազական հսկողության և ներգործության միջոցների կիրառման արդյունքները:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ըստ այդմ՝ մարզում գրանցվել է հանցագործության 2180 դեպք, որը 2019թ. համեմատ ավելի է 251-ով կամ 13 %-ով: Չնայած դրան՝ շուրջ 6%-ով նվազել են ծանր հանցագործությունների, 25%-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Վերջինս հիմնականում պայմանավորված է բնակարանային գողությունների, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերի, սպանության, սպանության փորձի, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակության դեպքերի նվազմամբ։ 2020թ. մարզում արձանագրվել է սպանության 5 դեպք: Ընդ որում՝ դրանցից 3-ն առնչվում են անձանց անհետ կորելուն:
Մարզի տարածքում կոռուպցիոն առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքերի կապակցությամբ հարուցվել է 49 քրեական գործ: Այս բնույթի 8 քրեական գործ ուղարկվել է դատարան, ինչը 60%-ով ավելի է 2019թ. համեմատ: Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարանում ավարտված 5 քրեական գործերից 4-ով 220թ.-ին կայացվել են մեղադրական դատավճիռներ:
6%-ով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը, զուգահեռաբար, սակայն, շարունակում է ցածր մնալ այս հանցատեսակի բացահայտման արդյունավետությունը: Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը կապված է մի կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության և ռազմական դրության իրավական ռեժիմների հետ, որոնց պայմաններում քաղաքացիները հիմնականում տևականորեն չեն բացակայել իրենց բնակարաններից: Մյուս կողմից որոշակի դրական ներգործություն են ունեցել դատախազության նախաձեռնությամբ, ոստիկանության և համայնքային մարմինների համագործակցությամբ այս հանցատեսակի համար առավել խոցելի թաղամասերի նկատմամբ հսկողության ուժեղացման, բնակավայրերի բանուկ հատվածներում տեսահսկող սարքերի տեղադրման, բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով և լուսավորությամբ հագեցնելու ուղղությամբ նախորդ տարիներին կատարված միջոցառումները:
Բնակարանային գողությունների բացահայտման ցածր ցուցանիշներին հիմնականում ազդում են հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու աշխատանքներում որոշակի թերացումները, սեփականատերերի կողմից իրենց գույքը հանցավոր ոտնձգությունից պաշտպանելուն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելը: Առանձին դեպքերում, ամառանոցներից կատարված գողությունների մասին տուժողները տեղեկանում և ոստիկանությանը հայտնում են տևական ժամանակ անց:
2020թ. մարզում գրանցվել է ՃԵ կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 152 դեպք, ինչը 36.9%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ևս աճել են 11 դեպքով կամ 50%-ով: Փոխարենը որոշակիորեն աճել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունները փաստում են, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորվել է երևթեկության սուբյեկտների կողմից ՃԵ կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ճանապարհների ինժեներատեխնիկական և կառուցապատման աշխատանքներում թույլ տրվող թերություններով, քաղաքային ճանապարհներին երթևեկության նշանների, հետիոտնային նշագծումների, իսկ գյուղական շրջաններում` նաև լուսավորության, տեսանկարահանող (արագաչափ) սարքերի բացակայությամբ: Կարևոր գործոններից է նաև այն հանգամանքը, որ մարզի տարածքով են անցնում Երևան-Սևան և Երևան-Աշտարակ հանրապետական նշանակության մայրուղիները, մարզի վարչական տարածքում են գտնվում մի շարք հանգստյան գոտիներ, որոնք նպաստում են քաղաքացիների և ավտոմեքենաների ակտիվ տեղաշարժերին:
2020թ. ընթացքում մարզում գրանցվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի կեպով շրջանառության 59 դեպք, որը 11-ով, կամ 22.9%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ: Վերջինիս նպաստել են նաև պատերազմի ընթացքում Արցախից ապօրինի զենք, զինամթերք ՀՀ տարածք տեղափոխելու հանգամանքը: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ 2020թ.-ի ընթացքում ոստիկանության բաժիններ կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Նշված և այլ հանցավոր դեպքերով քննությունների արդյունավետությունը, օպերատիվությունն ապահովելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից քննչական մարմիններին և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին 2020թ.-ին տրվել են ընդհանուր 131 գրավոր ցուցումներ և հանձնարականներ:
Հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով մարզի դատախազությունը ՀՀ ՏԿԵ նախարարին, Կոտայքի մարզպետին, համայնքների ղեկավարներին, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարներին ուղղել է 12 միջնորդագիր, որոնց արդյունքում նաև համապատասխան պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի:
Քննված և ավարտված նյութերով ու քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է շուրջ 115 մլն ՀՀ դրամ, վերականգնվել է շուրջ 24.4մլն ՀՀ դրամ վնաս:
Կոտայքի մարզի դատախազությունը ուշադրության կենտրոնում է պահել քրեական գործերով քննությունները հնարավորինս արագ ավարտելու, ապացույցների բավարարության պայմաններում քրեական գործերը դատարան ուղարկելու խնդիրը: Արդյունքում՝ 2020թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 233 գործ՝ 262 անձի վերաբերյալ, ինչը 21%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ: