Բոլոր պարերը պարել եք, մնացել է «սարի սմբուլը՞»․ Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի մասին

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնեց, որ նիստին ներկայացված նախագծի հիմքում (առաջարկվում է վերակազմակերպել և կառուցվածքային փոփոխություններ կատարել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում) դրված է աշխատակիցներից ազատվելու խնդիրը։

«Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ինչ-որ գեյշայի հետ գործ ունենք, ում մի մասը ներկած է, մնացածն էական չէ։ Այսինքն՝ մենք առաջնային՝ «թեժ գիծը» լավ սպասարկում ենք, բայց ինչպես պարոն Դավիթ Խաժակյանն ասաց՝ խնդիրները խորքային են, խնդիրները տակից են։ Այո, մենք ունեինք 1998 հաստիք, երբ այս քաղաքային թիմը ստանձնեց իշխանությունը, մենք նախկինում էլ էինք բարձրաձայնել, մենք էդ օրն էլ բարձրաձայնեցինք, դրանից հետո 2․5 տարի շարունակ մենք բարձրաձայում ենք։ «Չի կրճատվում, չի օպիմալացվում»․ էդ բառի տակ տեղավորում եք ամեն ինչ, բացի իրական օպտիմալացումից։ Պարոն Համբարյան, մենք խոսել ենք, կրճատեք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականների օգնականների հաստիքները, խորհրդականների վարորդականների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք։ Բերել եք երկու բաժին միացնելով․․․ էլի ասում եմ՝ անձնավորված մղումներով բերել, կպցնում եք իրար, որ ի՞նչ։ Այսինքն բոլոր պարերը պարել եք, մնացել է սարի սմբուլը, մնացել է «թեժ գծի» բարեհամբույր աշխատակիցները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ քննարկվում է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ Հարցը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին ամիսներին մանրամասն կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների համաձայն Նախագծով առաջարկվում է վերակազմակերպել և կառուցվածքային փոփոխություններ կատարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (այսուհետև աշխատակազմ) «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում:

Աշխատակազմի քարտուղարությունը հանդիսանում է աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում ներքին գործավարության ճիշտ կազմակերպման և վարման, գործավարական միասնական համակարգի հսկողության իրականացման պատասխանատու ստորաբաժանում: Ստորաբաժանումը ի զորու չէ ներկայիս կառուցվածքով կանոնադրական գործառույթներն իրականացնել
արդյունավետորեն և աշխատակազմում 2018 թվականից հետո ընկած ժամանակահատվածում մուտքագրված փաստաթղթերի կտրուկ աճով (2018թ-ին՝ 179329, իսկ 2020թ-ին՝ 226950) տարբերությունը՝ 47621 փաստաթուղթ/ և քաղաքացիներից «Թեժ գիծ» համարվող հեռախոսահամարներով ստացվող բազմաբնույթ տեղեկատվության ահռելի աճով (2018թ.-ին՝ 82708, 2019թ.-ին՝ 175226, 2020թ.-ին՝ 186749 հեռախոսազանգ), ինչպես նաև աշխատակազմ նրանց այցելությունների հոսքի ավելացմամբ պայմանավորված, նրանց «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մատուցել առավել որակյալ ծառայություններ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել և բարեփոխել ստորաբաժանման գործունեության ռազմավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել