«Տիկին Թադևոսյանն, շատ լավ եք ներկայացնում, գեղեցիկ եք խոսում, ճիշտ խուսանավում եք որևէ գործերի հաննդեպ անձնական կարծիք հայտնելուց, որպեսզի չլինեք կողմնակալ և ձեր կարծիքը չլինի կողմնական այդ գործի վերաբերյալ, ես այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց օրինակ, շարունակելով պարոն Միրզոյանի հարցը՝ մեջբերում եմ․ «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել», օրինակ այդ արտահայտությանը ձեր դիրքորոշումն ու կարծիք հայտնելը ինչ կողմնակալ կերպ կարող է դիտարկվել, երբ հենց բուն այդ արտահայտությունը հակաիրավական է, հակասահմանադրական է, ավելին՝ քրեորեն պատժելի է»։
Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 9-ին, ասաց Քրիստինե Պողոսյանը՝ հարցն ուղղելով Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին։
Վերջինս պատագամվորին խնդրեց հստակեցնել, թե ինչ ի նկատի ունի նա՝ նշելով, թե դա կոնկրետ գործի, թե ինչ-որ այլ բանի է վերաբերում։ Պատգամավորը նշեց, որ դա վերաբերում է նրան, երբ քաղաքական գործիչը հայտարարություն է անում՝ նշելով, որ պետք է իշխանության հասնեն հակասահմանադրական ճանապարհով։
«Դուք ուզում եք, որ ես իրավական գնահատակա՞ն տամ այդ արտահայտությանը»,-ասաց Թադևոսյանը, ինչին ի պատասխան Քրիստինե Պողոսյանը նշեց․ «Ո՛չ, դուք դատական իշխանության ներկայացուցիչ եք, դուք թեկնածու եք, գիտնական եք այդ ոլորտում, ինչ հետաքրքիր է, այդ արտահայտությունը հակաիրավական է, հակասահմանադրական է, քրեորեն պատժելի է, թե՝ ոչ»,-ասաց նա։
«Տիկին Պողոսյան, ես թեկնածու չեմ, ես իրավագիտության դոկտոր եմ, բայց չեմ կարծում, որ դա որևէ աղերս ունի ձեր հնչեցրած հարցի հետ, դուք ինձնից ակնկալում եք կոնկրետ պատասխան, կոնկրետ գործով։ Այո, ես կաշկանդված եմ դատավորի վարքագծի կանոններով, որոնք, ի դեպ, օրենսդիր մարմինն է ընդունել և սահմանել դատավորների համար և ես պարտավոր եմ մնալ այդ շրջանակներում։ Դուք ասում եք՝ չեք արձագանքում քաղաքական գործչի արտահայտությանը, ես հակված չեմ քաղաքական գործչի հայտարարությունը մեկնաբանելուն և ես ձեր հարցը դիտարկում եմ բացառապես կոնկրետ գործի շրջանակներում, քանի որ դրան նախորդող հարցին, պատգամավորի կողմից տրվեց կոնկրետ գործով հարցադրում, այդ թվում կալանավորում խափանման միջոցի առնչությամբ, ուստի դիտարկելով այդ կոնտեքստում, ես որևէիցե մեկնաբանություն չեմ կարող տալ և չեմ տա, որպեսզի հետագայում ինձ չկաշկանդեն այդ և այլ նմանատիպ գործերով կամ որևիցե գործով որևիցե գնահատական հնչեցնելու։ Իմ կարծիքը, իմ դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, դա այն իրավական ակտն է, որը ես կայացնում եմ և իմ մասնագիտական կարծիքը ես պետք է արտացոլեմ՝ գնահատելով գործի կենկրետ փաստերը»,-ասաց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում