Փետրվարի 9-ին Սյունիքի մարզկենտրոնից՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրից, Հայոց բանակ ծառայության ճանապարհեցին այս տարվա ձմեռային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներին՝ Կապան եւ Քաջարան համայնքներից։ Ներկա էին մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, ազատամարտիկներ, հոգեւոր այրեր, նորակոչիկների հարազատները։
Տղաներին դիմավորեցին Խուստուփի ներքո ծածանվող եռագույնով, ճանապարհեցին՝ Գ․Նժդեհի հորդոր-խոսքերով։ Իսկ հնչող ելույթներում ու օրվա տրամադրության մեջ նախեւառաջ խոնարհումն էր վերջին պատերազմում ընկած հերոսների հիշատակին, նաեւ պատգամը՝ շարունակել նրանց գործը՝ հայրենիքին անձնուրաց ծառայությամբ։
Ներկաներին օրհնեց Վահանավանքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, փոխանցելով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի բարեմաղթանքները, նշեց, որ նկատում է ծնողների մտահոգությունը, բայց նրանք պետք է հպարտ լինեն, որ հայրենիքին ծառայելու պատրաստ զավակներ են դաստիարակել, եւ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ ցանկացավ նորակոչիկներին։
Տղաներին ողջունեցին ու բարի ծառայություն մաղթեցին նաեւ Կապանում տեղակայված N զորամասի հրամանատար, ՀՀ ազգային հերոս գնդապետ Գարեգին Պողոսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար փոխգնդապետ Վահե Աղալարյանը։
Ստորաբաժանման կողմից նաեւ շնրհակալագրեր հանձնվեցին 2020-ի Արցախյան պատերազմում իրենց ծառայությամբ աչքի ընկած պահեստազորայիններին։
Իսկ զորակոչիկները, ծաղիկներ դնելով Գ․Նժդեհի շիրմին, ուղեւորվեցին կենտրոնական հավաքակայան։