«Ցեղասպանության ճանաչումը հատուցման չի բերի». Արա Պապյան

«Ցեղասպանության ճանաչումը իրենից ենթադրում է քաղաքական գործընթաց: Եթե մենք ուզում ենք իրավական ձևակերպում տալ ցեղասպանության ճանաչմանը, ապա դա կարող է լինել դատարանում: Ես ինքս կարծում եմ, որ դատական ճանապարհով հնարավոր չէ փաստել ցեղասպանության գոյությունը. դա քաղաքական գնահատական է»,- այս մասին Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքերով՝ հանցագործներն արդեն մահացել են, իսկ իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը կրում է պատասխանատվություն, այսինքն՝ անհատը կամ կառույցը գույքային փոխհատուցում պետք է ստանա Թուրքիայի Հանրապետությունից. «Փոխհատուցելը կապ չունի ցեղասպանության հետ: Թուրքիան կարող է ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց չփոխհատուցի և կարող է նաև հակառակը լինել: Տիրում է համատարած կարծիք, որ ցեղասպանության ճանաչումով կարելի է հասնել հատուցման, բայց դրանք գտնվում են տարբեր հարթությունների վրա»:

Քաղաքագետի կարծիքով՝ ցեղասպանության հարցը տվյալ պահին հատուցման հետ կապ չունի, այն բարոյականության խնդիր է. «Ցեղասպանության մասին կոնվենցիան նախատեսվել է կանխելու ցեղասպանությունները, այլ ոչ թե գնահատականներ տալու և պատժելու հանցագործներին: Դատարանը կարող է միայն տալ բնորոշում, որ այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ համապատասխանում է ցեղասպանության մասին կոնվենցիայի բնորոշմանը: Իսկ ճանաչումը հատուցման չի բերի»:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել