ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որս է տեղի ունեցել։ Այս մասին հյատնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք․սպանվել էր ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մեկ առանձնյակ։ Դեպքի վայրից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը առավել մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին, հատկապես նկատի առնելով դրա կենսական նշանակությունը և այն էկոհամակարգային ծառայությունները, որոնք
այն ապահովում է։ Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։
Հիշեցնում ենք, որ
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։
Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։
Հայաստանի էնդեմիկ կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ: