Արցախյան պատերազմում զոհվել է ՀՊՄՀ ուսանող, հուլիսյան մարտերի մասնակից Մորիս Խումարյանը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանյավարժական համալսարանից հայտնում են.

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Մորիս Խումարյանը:

Մորիս Խումարյանը Տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի ուսանող էր: Ծառայել է Իջևանի զորամասում, հուլիսին մասնակցել Տավուշյան մարտերին, իսկ Արցախյան վերջին պատերազմում` Մեխակավանի պաշտպանությանը. 3 ամսից պետք է զորացրվեր:

Կենսասեր, նպատակասլաց, կիրթ, գրագետ ու հայրենասեր. այսպես է Մորիսին բնորոշում մայրն ու նկարագրում, թե ինչ ոգևորությամբ էին ընտանիքում պատրաստվում դիմավորել նրան:

«Իր ընտանիքի, ընկերների, շրջապատի լույսն ու սերն էր: Մշտապես ձգտում էր լավագույնին, խելացի էր, դաստիարակված, զուսպ ու համեստ: Չափից դուրս հայրենասեր ու ընկերասեր իմ որդին անհավասար մարտում իր մարտական ընկերների հետ չի օգտագործել նահանջելու հնարավորությունը. վիրավորներին դուրս են բերել, ապա ընկել շրջափակման մեջ»,-նշում է մայրն ու վստահեցնում` որդին վայելել է հրամանատարության վստահությունն ու իրականացրել բազում կարևորագույն աջադարնաքներ:

Մորիս Խումարյանին ճանաչողները միակարծիք են`նա այն լավագույններից էր, որ պիտի կերտեր Հայաստանի ապագան, իսկ նրա 20-ամյա կյանքն  անձնվիրության, ընկերասիրության և հայրենապաշտության իսկական օրինակ էր:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Մորիս Խումարյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել