Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Կրթօջախի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, զեկուցել ուսումնական ծրագրերի, կրթական բարեփոխումների ուղղությամբ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից արված աշխատանքների, առկա նյութատեխնիկական ու կենցաղային խնդիրների մասին և հանդես եկել կրթօջախի զարգացման առաջարկություններով ու նոր ծրագրերով։
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանգամանալից անդրադարձել է առաջարկված ծրագրերին։ Նախարարն առաջարկել է հղկել դրանք, լրամշակել ու կարճ ժամանակահատվածում ներկայացնել քննարկման»,- ասված է հայտարարության մեջ։