Ժամեր առաջ Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով մոտ մեկ ժամ ու կես անջատված են եղել Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքների բնակավայրերի լույսերը։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Բայց արդեն ահագին ժամանակ է՝ վերականգնվել է, այդ առումով նորմալ է։ Գլխավոր խնդիրը որ կար, դա էր, որը նաև որոշակի խուճապ էր առաջացնում։ Հիմա մեր բնակիչները տեղափոխվել են բնակարաններ։ Որոշ ավերածություններ կան․ հիմնականում հին, հողաշեն շինություններ, գոմեր և Արտանիշ համայնքում դպրոցի հին մասնաշենք կար չօգտագործվող, որը չուներ նաև տանիք, այդտեղ էլ որոշակի փլուզումներ կան»,- ասաց մարզպետը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ քաղաքացիները, կանոններին հետևելով, ինչ-որ չափով նաև խուճապի մատնվելով, արագ դուրս են եկել բնակարաններից․
«Քանի որ հոսանք էլ չկար, հիմնականում գտնվում էին դրսում, և հոսանքի մատակարարումը վերականգնելուց հետո մարդիկ վերադարձել են իրենց բնակարաններ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 – 4 բալ ուժգնությամբ: