«Ցնցման ժամանակ դարակից բաժակներն ընկան, Ճամբարակում արդեն լույս կա»․ բնակիչները՝ երկրաշարժի մասին

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում շուրջ կես ժամ հոսանքազրկումներ են եղել երկրաշարժից հետո։

«Ցնցումն ուժեղ զգացինք, երեխաները խառնվել էին իրար, մինչև հավաքվեցինք լույսերն անջատվեց։ Չհասցրիքն էլ դուրս գանք»,-Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Ճամբարակի բնակչուհի Էմմա Աբրահամյանը։

Նրա խոսքով, տան կահույքն է շարժվել, անգամ բաժակներ են ընկել դարակներից։ «Շենքերի բնակիչներն էին վախեցել, հիմա լույս կա, ամեն ինչ նորմալ է, խուճապի մեջ չենք»,-ասաց նա։

Ճամբարակի մեկ այլ բնակչուհի էլ՝ Նունե Կարապետյանը նշեց, որ իրենց ընտանիքն ու հարևանները դուրս են եկել փողոց, բայց րոպեներ անց, երբ հասկացել են արդեն, որ ավերածություններ չկան՝ հետ են մտել տուն։

Նշենք, որ Ճամբարակում շատ են փայտաշեն տները, դրանք մնացել են դեռ խորհրդային տարիներից, երբ Կարմիր գյուղում մոլոկաններ էին ապրում։

Ավելի վաղ Ճամբարակի համայնքապետարանը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Սիրելի ճամբարակցիներ, տեղեկացնում ենք, որ խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա։
Շուտով կվերականգնվի էլեկրոէներգիայի մատակարարումը»։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 – 4 բալ ուժգնությամբ:

Ժամը 20։10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել