Պետական եկամուտների կոմիտեն չհիմնավորեց 42 մլն դրամի պահանջը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Մոնտ» ՍՊԸ-ի` 42.560.810 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, իսկ «Մոնտ» ՍՊԸ-ն` հակընդդեմ հայց ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության 01.04.2011 թվականի թիվ 1013487 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

«Մոնտ» ՍՊԸ-ի և Մայքրոսոֆթ Իռլանդական ընկերության միջև 22.01.2009թ. կնքվել է պայմանագիրը, համաձայն որի` Մայքրոսոֆթ Իռլանդական ընկերությունը «Մոնտ» ՍՊԸ-ին տալիս է ոչ բացառիկ իրավունք մասնակցել որոշակի միջնորդական ծրագրերին և իր առևտրային միջնորդներին տրամադրել որոշակի լիցենզիոն ծրագրեր, փաստթղթային բաղադրիչներ, ծրագրային ապահովում և համակարգչային սարքավորումներ։ «Մոնտ» ՍՊԸ-ն հանդիսացել է Մայքրոսոֆթ Իռլանդական ընկերության ներկայացուցիչը (դիստրիբյուտոր) Հայաստանի Հանրապետությունում «Մոնտ» ՍՊԸ-ի և Մայքրոսոֆթ Իռլանդական ընկերության միջև կնքված պայմանագրով սահմանված միջնորդական գործունեության իրականացման համար։ Ընկերության կողմից համակարգչային խանութներին ներկայացվել է հաշիվներ, որոնց հիման վրա վերջիններս Ընկերությանը փոխանցել են` Մայքրոսոֆթ Իռլանդական ընկերության կողմից վերջնական սպառողներին փոխանցված Լիցենզիոն իրավունքի արժեքին համապատասխան գումարներ, որոնք փոխանցել է Մայքրոսոֆթ Իռլանդական ընկերությանը վերջինիս կողմից դուրս գրված «Invoice»-ների հիման վրա։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 28.02.2011 թվականի թիվ 1013487 հանձնարարագրի հիման վրա «Մոնտ» ՍՊԸ-ում կատարվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում։ Ստուգման արդյունքում 01.04.2011 թվականին կազմվել է թիվ 1013487 ստուգման ակտը, որով առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա գումար 42.560.810 դրամ։

Դատարանի եզրահանգմամբ՝ փաստական հանգամանքների պարագայում ակնհայտ է դառնում, որ «Մոնտ» ՍՊԸ-ն չի հանդիսացել Մայքրոսոֆթ Իռլանդական ընկերությունից ուղղակի Լիցենզիոն Ծրագիր գնող և վերջնական սպառող, որպիսի գործարքի դեպքում էլ կիրառելի կլիներ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը, այսինքն «Մոնտ» ՍՊԸ-ի մոտ կարող էր առաջանալ օտարերկրյա անձի փոխարեն հարկային պարտավորություն:

Սույն գործով դատարանը գտել է, որ հարկային մարմինը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` չի բացահայտել գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, և ոչ ստուգման ակտով, և ոչ էլ ստուգման ակտին առդիր 125 թերթից բաղկացած փաստաթղթերով, ինչպես նաև դատաքննության ընթացքում որևէ թույլատրելի ապացույցներով չհիմնավորեց այն փաստական հանգամանքները, որ ընկերությունը օտարերկրյա անձի հետ կատարել է այնպիսի գործարքներ, որոնց մասով ընկերության մոտ կառաջանար ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություններ, մասնավորապես` ՀՀ տարածքում օտարերկրյա անձից ծառայությունների ստացում կամ ապրանքների ձեռք բերում։

Ուստի դատարանը վճռեց ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի Կենտրոնի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Մոնտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 42.560.810 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, մերժել։ «Մոնտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հակընդդեմ հայցը բավարարել։

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել