Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շուրջ 600 զինծառայողի ընտանիքի հատուցում է տրամադրել․ նշված է 490 անհայտ կորած զինծառայողի անուն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի շրջանականերում տրված հատուցումների մասին։

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին կգումարվի նաև Հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը: Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է՝ առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ`նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:

Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։

«Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

Այսպիսով, փետրվարի 3-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է 510 զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։ Բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ Հայաստան բանկում շահառուների անուններով և կատարվել են փոխանցումներ։

Զինծառայողների ցանկ

Վերոնշյալ զինծառայողների հարազատները հաշվի պայմանագիրը կնքելու և գումարը ստանալու նպատակով կարող են զանգահարել (010) 513701 հեռախոսահամարին կամ մոտենալ ՎՏԲ Հայաստան Բանկի մոտակա մասնաճյուղ:

«Կամուրջ» ծրագրով փետրվարի 5-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է ևս 43 վիրավորում ստացած զինծառայողի հատուցում, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը:

Հավելենք, որ հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել