Չկա այնպիսի օր, որ մի քանի, օրեր են լինում նույնիսկ տասնյակ նամակներ և զանգեր չստանամ մանկապարտեզահասակ երեխա ունեցող ծնողներից, ովքեր հետաքրքրվում են, թե երբ իրենց երեխային մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կտրվի։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Աննա Ջացախյանը։
«Հարցը համավարակի առաջին իսկ օրերից, երբ փակվեցին բոլոր համայնքային մանկապարտեզները, եղել է իմ ուշադրության կենտրոնում, անընդհատ կապի մեջ եմ եղել Երևանի քաղաքապետարանի գործադիր կազմի հետ, քաննարկել ենք լուծման ուղիներ։
Այս պահին մանկապարտեզներն աշխատում են։ Բայց, այնուամենայնիվ, կան սահմանված որոշակի սահմանափակումներ (ՀՀ առողջապահության նախարարի 04․08․2020թ․ N17-Ն հրաման, խմբ․ 24․10․2020թ․ 30-Ն), որոնց արդյունքում անհնարին է դառնում մանկապարտեզի բնականոն աշխատանքը հին ձևով կազմակերպելը։ Այս պահին կա մոտ 4000 երեխա, ովքեր մինչև համավարակի հայտարարումը հաճախում էին մանկապարտեզ, իսկ հիմա սահմանափակումների հետևանքով առաջացած տեղերի սղության պատճառով ստիպված են տանը նստել, մոտ 12 000 երեխա էլ հերթագրված է և սպասում է նոր ընդունելությանը։
Իսկ ընդունելություն տվյալ սահմանափակումների պայմաններում վերջին համարյա 1 տարվա մեջ հնարավոր չի եղել կազմակերպել շատ պարզ պատճառով․ եթե մանկապարտեզը նույնիսկ իր սաներին չի կարողանում տեղավորել, ինչպե՞ս նոր երեխաներ ընդունի։ Հարցը շատ զգայուն է, մի կողմից ծնողն աշխատում է, հնարավորություն չունի երեխային տանը թողնելու, մյուս կողմից չաշխատող ծնողի երեխան էլ, անշուշտ, հասակակիցների հետ շփման կարիք ունի։
Վերջերս Երեանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ծավալուն քննարկում Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ժամանակ մասնրամասն ներկայացվել են բոլոր այն խնդիրները, որոնք սահմանափակումների հետևանքով ծագել են նախադպրոցական ոլորտում։ Սպասվում է, որ շուտով կլինեն սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես կանխատեսվում է, որ մանկապարտեզների որոշ խմբերում երեխաների քանակը կարող է հասնել մինչև 20-ի, բայց պայմանով, որ խմբասենյակը կունենա համապատասխան քառակուսի մետրով տարածք, որպեսզի հնարավոր լինի հեռավորություն պահել։
Ավելի փոքր խբասենյակները, ցավոք, կրկին չեն ունենալու 20 երեխա տեղավորելու հնարավորություն։ Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, Հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանի և վարչության մանկապարտեզների բաժնի պետ Նունե Սարգսյանի հետ համատեղ ես և գործընկերս՝ Երևանի ավագանու անդամ Գայանե Վարդանյանը, քննարկում ունեցանք, որի ընթացքում խոսեցինք բոլոր այն հնարավոր տարբերակների մասին, որոնց արդյունքում նախկինում հաճախող երեխաները նորից կվերսկսեն հաճախել, ինչպես նաև գոնե ոչ մեծ թվով նոր երեխաների ընդունելություն հնարավոր կլինի կազմակերպել։
Հիմա գործադիր մարմնի իմ գործընկերները ուսումնասիրություն են կատարում բոլոր մանկապարտեզներում, որպեսզի հասկանալի դառնա, թե որտեղ քանի երեխա է հնարավոր ընդունել և ինչ սկզբունքով պետք է առաջնորդվեն։ Երբ ՀՀ առողջապահության նախարարությունը կհրապարակի սահմանափակումների նոր կարգը, կարծում եմ արդեն պատրաստ կլինեն ուսումնասիրության արդյունքները, և քաղաքապետարանը կներկայացնի, թե ինչը ոնց է կազմակերպվելու։ Գիտեմ, որ սա ևս չի լինելու հարցի վերջնական լուծում, ցավոք, էլի սպասողներ են մնալու։ Սահմանափակումների հետագա յուրաքանչյուր մեղմացման հետ էլի ու էլի երեխաներ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կստանան»,- հայտնում է նա։