Ազատումը պայմանավորված չէ աշխատանքի կամ մասնագիտական որակների վերաբերյալ դժգոհությամբ․ Սուսաննա Սաֆարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 4-ի որոշմամբ` Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ստորև ներկայացնում ենք տիկին Սաֆարյանի պարզաբանումը և 2019թ․-ի մարտին պաշտոնը ստանձնելուց ի վեր կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը․

«Հաշվի առնելով իմ՝ ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունը, տեղեկացնում եմ, որ ազատումը պայմանավորված չէ աշխատանքի կամ մասնագիտական որակների վերաբերյալ դժգոհությամբ։

Ցանկանում եմ ներկայացնել այն հիմնարար աշխատանքները, որոնք հասցրել եմ իմ թիմի հետ նախագծել, գործարկել կամ իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում (ներառյալ չարաբաստիկ 2020–ը)՝ մտքում միշտ ունենալով զբոսաշրջության կայուն զարգացման տեսլական, իրատեսական թիրախներ եւ ոլորտային քաղաքականության մշակման ներառական գործելաոճ։

📌 2019 – 2020 թվականների ընթացքում մշակվել եւ ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020 – 2030 թվականների ռազմավարությունը, որով սահմանվում է զբոսաշրջության առկա իրավիճակը եւ առաջիկա 10 տարիների զարգացման անհրաժեշտ գործողությունները, թիրախներն ու ռեսուրսները։ (https://www.e-draft.am/projects/2790/about)
📌 Մշակվել է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում են զբոսաշրջային եզրույթները, ներմուծվում կարգավորումներ զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի համար, մշակվում որակավորման կամ հաշվառման կարգեր։
📌 Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ զբոսաշրջային վայրերում ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան երկլեզու միասնական ցուցանակներ։ (https://www.e-draft.am/projects/2614/about)
📌 2019-2020 թվականների ընթացքում իրականացվել են երկրի ճանաչողությանն ուղղված ծրագրեր, մասնավորապես մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին, հեղինակավոր պարբերականներում Հայաստանի լուսաբանում, թիրախային շուկաներում հայտնի հաղորդաշարերի միջոցով Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացում։ Հայկական զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ միջազգային հայտնի մամուլում և ինտերնետային հարթակներում լուսաբանելու նպատակով կազմակերպվել են օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր, RyanAir ավիաընկերության ներկայացուցիչներ, Wizzair մեդիա թիմի անդամներ, հայտնի պարբերականների լրագրող Բենջիամին Քեմփերը (https://www.benjamin-kemper.com/portfolio-1) և “Поедем, поедим!” НТВ ռուսական հեռուստաշոուի լրագրողներ, (NATIONAL GEOGRAPHIC TRAVELLER), համաշխարհային հռչակ ունեցող պարբերականում տպագրվել է Հայաստանի և հայկական զբոսաշրջության գրավչությունների վերաբերյալ հոդված․․․
📌Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2019 թվականին վերակազմավորվել եւ 2020 թվականի ընթացքում շարունակվել է իրականացվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել հետևյալ ենթածրագրերի ուղղությամբ՝
📍Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգում,
📍«Արենի գինու հյուրանոց համալիրի» կոմունիկացիոն համակարգերի կառուցում,
📍Գորիս քաղաքի ժառանգության հանգույցի վերականգնում՝
📍Գորիսի Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնում և Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգում։
Ներկայումս իրականացվում են՝
📍«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհի բարեկարգում եւ ավտոկայանատեղու ստեղծում ծրագիրը,
📍Երևան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցումը
📍Դեպի Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհի բարեկարգումը
📍Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հուշարձանների մասնակի վերականգնումը և ամրակայումը,
Իրականացման են պատրաստվում՝
📍Զորաց քարեր հուշարձանի մոտեցման ճանապարհի եւ հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը
📍Գյումրու Կումայրի պատմական թաղամասի վերականգնման ծրագիրը
📍Ջերմուկի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը
📍Գառնու տաճարի հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը
📍Ամբերդ ամրոցի հարակից տարածքի բարեկարգման եւ աշտարակների ամրակայման ծրագիրը
📍Մարմաշեն տանող ճանապարհի եւ հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը
📍 Սանահին եւ Հաղպատ վանական համալիրների հարակից տարածքների եւ մոտեցման ճանապարհների բարեկարգման ծրագիրը
📍Արենի զբոսաշրջային հանգույցի ստեղծման եւ կոնցեպտի մշակման նախագծերը
📌 Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիմզմի բարելավման նպատակով կատարելագործվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) ծրագիրը, որն այժմ հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի, քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի և զբոսաշրջային կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:
📌 2020թ․ նախագծվել է միջազգային այցելությունների հետազոտության անցկացման նախագիծը, որը Հայաստանում վերջին անգամ իրականացվել է 2013 թվականին։ Հետազոտությունը իրականացումը հնարավորություն է տալիս ստանալ առավել ճշգրիտ տվյալներ Հայաստան այցելող զբոսաշրջիկների պրոֆիլի, ծախսերի, այցելավայրերի, այցի միջին տեւողության, նպատակի եւ այլնի մասին։ Համավարակով պայմանավորված նախագծի իրականացումը անժամկետ հետաձգվել է։
📌 2020 թվականի ընթացքում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է վարակակիրների և նրանց շրջանակի մեկուսացման համար հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներգրավման, դրանցում սննդի ապահովման գործընթաց ու դրանից բխող համագործակցային ու իրավական գործառույթների կատարում, որը ներկայումս ունի շարունակական բնույթ։
📌 Կովիդի հետեւանքով Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողների առջև ծառացած խնդիրները մեղմելու նպատակով ներգրավելով զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Զբոսաշրջության կոմիտեն գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքերի չեզոքացման 23-րդ, ապա 25-րդ միջոցառումները։
📌 2019-2021 թվականների ընթացքում ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեն արդյունավետորեն համագործակցել է միջազգային գործընկերների հետ, որի արդյունքում զբոսաշրջության ոլորտում իրականացվել են նոր ներդրումներ եւ ստեղծվել պահանջված զբոսաշրջային պռոդուկտներ։
Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական թիմին վստահության համար, մասնավոր եւ պետական հատվածի գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար, միջազգային գործընկերներին՝ հավատի եւ աջակցության համար, իմ թիմին՝ նվիրված աշխատանքի եւ զբոսաշրջության համար դժվար ժամանակահատվածում կազմակերպված աշխատանքի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել