Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ եթե Ձեր ավարտական փաստաթղթում առկա է վրիպակ և վրիպակի ուղղման համար դիմումի հետ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է, այսուհետ «Վրիպակի ուղղում» դիմումը Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ կարող եք մուտքագրել՝ զանգահարելով 060-474207 հեռախոսահամարով։
Դիմումը մուտքագրվում է Կոմիտեի անունից՝ սպասարկման գրասենյակի պետի կամ սպասարկման գրասենյակները համակարգող Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատակցի կողմից՝ առանց ստորագրման։
Պարզեցվել է նաև Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում «Վրիպակի ուղղում» տեսակի դիմումի մուտքագրման ընթացակարգը։
Հերթերի կառավարման համակարգում ավելացվել է «Վրիպակի ուղղում» տողը, որի ընտրության դեպքում Ձեզ կսպասարկեն արտահերթ։ Եթե վրիպակի ուղղման համար լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չկա, ապա սպասարկման գրասենյակներում ևս Ձեր դիմումը կմուտքագրի դիմումն ընդունող աշխատակիցը կամ սպասարկման գրասենյակի պետը։
«Վրիպակի ուղղում» տեսակի դիմումով պատվիրված աշխատանքներն անշարժ գույքի ռեգիստրի կամ արխիվի մասնագետի կողմից իրականացվում են ոչ ուշ, քան այդ դիմումը մուտքագրվելուց հետո 1 ժամվա ընթացքում։
Հիշե՛ք, որ «Վրիպակի ուղղում» տեսակի դիմումներին տրվում է առաջնահերթություն»: