Վարչապետի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է կառավարության այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստին ընդունած որոշումներից մեկին, որը վերաբերում է հանրակրությանը։
«Ընդունվեց
Քիչ առաջ կառավարության նիստում ընդունվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, որը հսկայական դրական ազդեցություն է ունենալու դպրոցական ռեֆորմի վրա: Շնորհակալություն ԿԳՄՍ անձնակազմին, որը համբերատար կերպով այս տարիներին առաջ տարավ նախագիծը:
Բոլորիս շնորհավորում եմ: Սպասենք Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի ընդունմանը»,-նշել է նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, ի տարբերություն գործող չափորոշչի՝ նախագծում կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը, որը կարևորում է ոչ թե այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք է սովորողը ձեռք բերի առանձին առարկաների ուսումնասիրության արդյունքում, այլ այն հիմնական, առանցքային կարողունակությունները (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), որոնց պետք է տիրապետի սովորողը իր կրթական խնդիրները լուծելու, արդի աշխարհում արդյունավետ գործելու համար: Կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):
Ինչպես Հանրակրթության մասին ՀՀ օրենքով, այնպես էլ գործող Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված չէ «ուսումնական բնագավառ» հասկացությունը: Այս սահմանման բացակայության պարագայում հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են առանձնացված ներկայիս ուսումնական բնագավառները և դրանց նպատակաուղղվածությունները ինչպես են իրար առնչվում: Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետևյալ սահմանումը՝ «Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»:
Նախագծում առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:
Հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը, անհրաժեշտ կլինի անդրադառնալ գործող չափորոշչով նկարագրված ուսումնական բնագավառներին և վերաձևակերպել դրանք: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետևյալ 7 բնագավառները՝
1) Հայոց լեզու և գրականություն
2) Հայրենագիտություն
3) Օտար լեզուներ
4) Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ,
ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
5) Հասարակություն, հասարակական գիտություններ
6) Արվեստ և արհեստ
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: