2 օդանավակայաններից 3900 մարդ է մեկնել Հայաստանից Ռուսաստան․ Մհեր Գրիգորյանը թվեր է ներկայացնում

Փետրվարի 15-ից հետո օրվա ընթացքում 4 կանոնավոր չվերթ ենք ունենալու ՌԴ-ից ՀՀ և ՀՀ-ից ՌԴ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս օրերին ՀՀ-ից 2 օդանավակայաններից մեկնել են 3900 մարդ, եկել է ՀՀ 3400 մարդ։ Հայկական անձնագրերով մեկնածների թիվը 1423-ն է, իսկ ՀՀ ժամանածները՝  1263 մարդ։ Հավելվածը լիարժեք աշխատում է։ Խնդիրներ են առաջացել 7 քաղաքացու հետ, սակայն դա կապված չի եղել հավելվածի հետ»,-նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քացաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը:

Ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ», «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց լաբորատորիաները։ Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ: Հարթակում ընդգրկվելու համար ևս 2 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ. դեկտեմբերի 28-ի կառավարության թիվ 2194-ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն:

  • Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը:
  • Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
  • Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):
  • Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը,  ներբեռնում  բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։
  • Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
  • Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։
  • Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել