Հենրիկ Փ.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, երրորդ անձինք` Գրիգոր Արամյանի և Հրայր Արամյանի` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության բաժանունքի պետի 30.08.2010 թվականի թիվ ԱԲ 712428 որոշումը վերացնելու պահանջի մասին։
Հենրիկ Փ.-ն դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ 2010թ. hուլիսի 7-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար` իր կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենայի, Գրիգոր Արամյանի կողմից վարած «Մերսեդես G 500» մակնիշի մեքենայի և Հրայր Արամյանի կողմից վարվող «Գազ 2401» մակնիշի մեքենայի միջև։
Նշանակված դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ «Մերսեդես Բենց G 500» մակնիշի ավտոմեքենան կանգ գծից մինչև ընդհարման տեղն անցել է 21,3 մետր տարածություն, ըստ որում` այդ պահին արագությունը եղել է 30 կմ/ժ սահմաններում։ «Մերսեդես Բենց G 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Արամյանը, խաչմերուկ մուտք գործելով լուսացույցի արգելող դեղին ազդանշանի պայմաններում, ստեղծելով վթարային իրադրություն, թույլ է տվել գործողություններ, որոնք հակասում են ՃԵԿ-ի 7.3, 18 կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին։
Տեխնիկական տեսակետից, փորձաքննությանը ներկայացված տվյալների պայմաններում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Փիլոյանը, խաչմերուկ մուտք գործելով լուսացույցի թույլատրող կանաչ ազդանշանի պայմաններում, թույլ չի տվել գործողություններ, որոնք հակասեին ՃԵԿ-ի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որոնցով պայմանավորված լիներ տվյալ ընդհարումը։
Տեխնիկական տեսակետից փորձաքննությանը ներկայացված տվյալների պայմաններում «Մերսեդես Բենց G 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Արամյանը, անտեսելով ՃԵԿ-ի 7.3, 18 կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջները, ստեղծելով վթարային իրադրություն, զրկել է ինչպես իրեն, այնպես էլ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Փիլոյանին տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորությունից։
Դատարանը եզրահանգմամբ՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 30.08.2010 թվականի թիվ ԱԲ 712428 որոշումն ընդունվել է օրենքի պահանջների պահպանմամբ և բացակայում են այն անվավեր ճանաչելու հիմքերը։
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net