Պաշտպանության բանակից հայտնում են.
«Ճանաչենք մեր հերոսներին
Փոխգնդապետ Մասիս Արթուրի Ավանեսյան: Աչքի է ընկել գումարտակի ղեկավարման գրագետ գործողություններով: Անձամբ խոցել է 1 տանկ և հակառակորդին պատճառել մարդկային զգալի կորուստներ:
Մայորներ Խաչիկ Կարապետի Մինասյանն ու Խաչիկ Արարատի Աղաբեկյանը, հմտորեն ղեկավարելով իրենց ստորաբաժանումները, հրետանու ճշգրիտ կրակով ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ զրահապատ տեխնիկա և ավելի քան 50 հետևակային:
Բուժծառայության կապիտաններ Նարեկ Սեդրակի Դալիբալտյանը, Ալեքսանդր Արկադիի Ղազարյանը, պահեստազորի սերժանտ Զորայր Արտուրիկի Ասրյանը, ծառայող Հռիփսիմե Ապրեսի Մարտիրոսյանը, պահեստազորի շարքայիններ Մարտիկ Լյովայի Ավագյանը, Մարտիկ Բորիկի Գրիգորյանն ու Արայիկ Շահենի Ավագյանը հակառակորդի կրակի տակ առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տարհանել բազմաթիվ վիրավորների:
Մայոր Էդգար Արտակի Կարապետյանը հակառակորդի կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական տեխնիկա: Անձամբ ղեկավարելով տանկային վաշտերից մեկը հյուսիսային սահմանագոտում՝ վաշտի կազմով խոցել են հակառակորդի մեկ դիտակետ և հինգ տանկ:
Ավագ լեյտենանտ Տարոն Ազատի Արշակյանը իր մարտկոցով հյուսիսային ուղղությամբ կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ: Անձամբ ականանետով շարքից հանել է հակառակորդի մեկ տանկ՝ վնասելով ևս մեկը:
Լեյտենանտ Գայանե Գրիգորիի Գրիգորյանը, ենթասպա Եվգինե Ներսեսի Մարտիրոսյանը և կրտսեր սերժանտ-պայմանագրային Անահիտ Կամոյի Աբրահամյանը, դրսևորելով խիզախություն, հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Փոխգնդապետ Արթուր Վյաչեսլավի Սարգսյանը հակառակորդի հրետակոծության ժամանակ իրականացրել է սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտակարգերից տարհանումը, ինչպես նաև կազմակերպել զինամթերքի մատակարարման աշխատանքները»: