Մարդկանցից մի քանիսն ապահովության համար իրենց տանից դուրս են գալիս և Ամանորի շեմին տարիներով ստեղծածը ստիպված են թողնել․ Սոֆյա Հովսեփյանը եղել է Շուռնուխում և Որոտանում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ շատ սիրելի հայ ազգ , 2020- ի ամփոփումը բարդ:

Անհամբեր սպասել եմ այս օրվան՝ մի ներքին համոզմամբ , որ 2020 թվականի հեռացումը վերջ կդնի հայ ազգի ծանր ու անդառնալի կորուստներին ու կդառնա պատմություն, որը կստիպի վերաարժևորման կարևոր ճանապարհ անցնենք։

Ավանդույթի համաձայն, ամանորի նախաշեմին, վերջին տարիներին լինում եմ սահմանամերձ գյուղերում, բայց ամեն անգամ ոգևորություն էի ապրում , քանի որ մեր սահմանաբնակներն այնքան էին ամրացել այս տարիների ընթացքում, որ մեզ էին ոգևորում և իրենց ուժով ապրեցնում։

Այսօր Սյունիքում էի ՝ Շուռնուխ , Որոտան …

Չէ, չմտածե՛ք, մարդիկ մարտական էին, մարդիկ վճռական էին, իրենք իրենց հողի տերն են, բայց…

Մի քանիսը արդեն ապահովության համար իրենց տանից դուրս են գալիս և ամանորի շեմին տարիներով ստեղծածը ստիպված են թողնել…

Նյութական առումով կարող ենք ասել, որ հին տուն էր, ավելի լավը կունենա, ավելի նոր տան մեջ գալիք տարին կնշեն, բայց ինչպես ասվում է Ա . Իսահակյանի «Համբերանքի չիբուխ»-ում՝

Կանաչ դաշտի պարզ հոլիկը
Շահի ոսկե քյոշքից լավ է,
Քրտինքովդ կերած հացը

Սուլթանների ճաշից լավ է։

Մի բան էր կարևոր, որ ո՛չ շուռնուխցին, ո՛չ էլ որոտանցին հանձնվող չեն : Վաղը կգնամ Քարահունջ, հետո էլ Արցախ:

Խնդրում եմ մեկնաբանություններ չգրեք գրառմանս տակ և հնարավորություն տանք բոլորիս, տարեմուտի այս վերջին րոպեներին խորհենք անցածի մասին և աղոթենք թե զոհված զինվորների հոգու հանգստության համար, թե՛ գերեվարված ու անհետ կորածներին շուտ վերադարձի համար, թե վիրավոր զինվորների արագ ապաքինման համար:

Հանուն հայ զինվորի, հանուն հայ սահմանապահի, հանուն հայ ազգի մեզ մաղթում եմ միասնականություն և ազգային ու հոգևոր առողջություն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել