«Ես առավոտյան գալիս էի աշխատանքի, տեսա, որ ճանապարհահատվածը մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից փակված ա, կանգնեցի աջ հատվածի վրա, էնտեղ բակային հատված կա, նկատեցի, որ մոտ 10-15 քաղաքացիներ վազում են իմ մեքենայի ուղղությամբ, բնականաբար, ո՛չ փախել եմ, ո՛չ էլ փախնելու էի և ո՛չ էլ կփախնեմ․ մոտեցան մի քանիսը, ագրեսիվ վարքագիծ դրսևորող քաղաքացիներ էին, սկսեցին մեքենայի դիմացի հատվածին հարվածել, ձեռքով պահել, բնականաբար պատուհանս իջեցրեցի, հարցրեցի ի՞նչ եք ուզում, մի քանիսը սկսեցին հայհոյել:
3-4-ի դեմքն եմ հիշում, որ սկսեցին ծաղրական, խուլիգանական արտահայտություններ անել: Երբ փակում եմ պատուհանս 1-2 շատ ուժեղ հարված ա լինում մեքնային, ես ուղղակի պատուհանն իջեցնում եմ և հարցնում եմ՝ ո՞վ հարվածեց մեքենային և դուրս եմ գալիս մեքենայից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին։
Ինչ վերաբերում է իր ընկած քաղաքացուն ծեծելու մասին, Գաբրիելյանը նշեց․
«Տեսնում ես 10-15 հոգի քեզ վրա են գալիս ու հենց այդտեղ, այդ նույն տեղում ծեծել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Մտածում էի՝ լավ ինչ էլ լինի գոնե պետք է ինքնապաշտպանվեմ, ոչ էլ կփախնեմ: Քաղաքացին՝ երևի այդ հատվածը սառած էր, դրա համար ընկավ, ես կարծում եմ համարժեք ինքնապաշտպանվել եմ: Այո՛, իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ես էլ տվել եմ պատասխաններ դրանց»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս գալուց հետո վեճի է բռնվում ակցիայի մասնակից քաղաքացիների հետ՝ փոխադարձ հարվածներ են լինում։
Միջադեպի վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր առավոտյան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերները և համակիրները մասնակցել են Ազգային ժողովի մուտքի դիմաց իրականացվող խաղաղ ակցիային, որի ընթացքում քաղաքացիները հավկիթներով դիմավորել են Հայաստանի կործանման դավադիր ծրագրին սատարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, իսկ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարձակվել խաղաղ ակցիա իրականացնողների վրա։
Ոստիկանության կողմից պատգամավորների այս վարքագիծը մնացել է անպատասխան, մինչդեռ խաղաղ ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։
Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո անցել է ավելի քան 3 ժամ, սակայն ոստիկանությունը հրաժարվում է ազատ արձակել վերջիններիս, այդպիսով կոպտորեն ոտնահարելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը դադարել սատարել հոգեվարքի մեջ գտնվող Հայասանի դավադիր իշխանություններին և գործել բացառապես ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի»։