Եթե մեզ համար` որպես հանրություն, արդարությունը արժեք լիներ, ապա մենք բանակի այնպիսի կառուցվածք կունենայինք, որը 18-20 տարեկաններին ոչ թե կզրկեր աճելու, զարգանալու հնարավորությունից, այլ նրանց համար առավել զարգանալու հնարավորություններ կստեղծեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը։
«Կեղծ թեզով, թե բանակը տղամարդ է դարձնում, մենք մեր նոր կյանք մտանող/մտած երիտասարդներին փոխանակ ապրել սովորեցնենք, վարժեցնում էինք/ենք բանտային կյանքին ու բարքերին։
Երկուսուկես տարին բավարար ժամանակ էր մեր երիտասարդների վրայից վերցնելու համար «պետության պաշտպանության» ու «հայրենիքի նկատմամբ պարտքի» բեռը և հավասարապես բաշխել բոլոր առողջ քաղաքացիներիս վրա։
Դրանով և մենք` որպես հանրություն, հավանական պատերազմին պատրաստ լինելու հնարավորություն կստանայինք, և պետության կարևորագույն ֆունկցիան` քաղաքացիներիս պաշտպանությունը, հավասարապես կբաշխեինք բոլորիս վրա, և նոր կյանք մտնող մեր երիտասարդներին հնարավորություն կտայինք 6 ամսյա ռազմական պատրաստությունից հետո կամ դրան զուգահեռ կրթվել, զարգանալ, աճել, իմաստնանալ։
Բանակի կոնցեպտը պիտի փոխվի։ Մենք պիտի սովորենք մեր հարաբերությունների հիմքում որպես արժեք դնել արդարությունը։ Մենք պիտի սովորենք մեր բաժին պատասխանատվությունը ուրիշների վզին չփաթաթել»։