Ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու առումով դեռ շատ անելիքներ կան. Կորյուն Նահապետյան

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ: Ինչպես տեղեկացնում է ԱԺ-ի մամուլի ծառայությունը, վերջինիս մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հայ եւ օտարերկրյա փորձագետներ, ոստիկանության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքերով` խորհրդարանական այս լսումների հիմնական նպատակն է նախանշել այն ուղիները, որոնք միտված են քաղաքացի – ոստիկան քաղաքակիրթ հարաբերությունների եւ ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության ձեւավորմանը: Հանձնաժողովի նախագահն արձանագրեց, որ վերջին տարիներին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել ոլորտում, որոնք տեսանելի արդյունք են տվել, բայց անելիքները դեռ շատ են հատկապես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը բարձրացնելու առումով, ինչը նաեւ Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից է դարձել:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով վերջին տարիներին կատարված բարեփոխումներն ու դրանց արդյունքները, աջակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային կառույցներին, մասնավորապես ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին ու ներկաներին հավաստիացրեց, որ պետությունը վճռական ու հաստատակամ է՝ շարունակելու եւ ավարտին հասցնելու սկսած բարեփոխումները: Արթուր Օսիկյանի գնահատմամբ՝ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացմանն են ուղղված ոստիկանության նոր կայք-էջի ներդրումն ու կարգապահական հանձնաժողովի ստեղծումը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ոստիկանության նկատմամբ հանրային կարծիքը որոշ դեպքերում համարժեք է դառնում պետության եւ իշխանության հանդեպ վստահությանը, որը պատշաճ մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, կոռուպցիայի, անպատժելիության բացառում, օրինապաշտության, թափանցիկության եւ քաղաքացու նկատամամբ ոստիկանի հարգալից վերաբերմունքի խրախուսում: Այս խնդիրների կարգավորման գործում նա կարեւորեց կարծիք ձեւավորող ինստիտուտների հետ համագործակցությունը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոն տեղեկացրեց, որ քննարկվող խնդիրն իրենց գրասենյակի գերակա խնդիրներից մեկն է, եւ իրենք պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համապատասխան ծրագրեր են իրականացնում, որոնք բավական արդյունավետ են, քանի որ Հայաստանում այս հարցը ոլորտի բարեփոխման կիզակետն է դարձել. խնդրի լուծումը կարեւորում են եւ պետությունը, եւ հասարակությունը: Նա կարեւորեց նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասնակցությունը ՀՀ անվտանգության մարմինների բարեփոխման եւ հանրային կարծիքի ձեւավորման աշխատանքներին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ Արտաշես Անդրիասյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Ղազարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանն անդրադարձան համակարգում կրթական եռաստիճան համակարգի ներդրմանն ու նրա օգուտներին, ուսումնական հաստատությունների ընդունելության կարգին, ոստիկանության համայնքային հենակետերի եւ համայնքային խորհուրդների ստեղծման, պարեկային ծառայության կազմակերպման աշխատանքներին, հասարակական կարգի պահպանության ձեւերին եւ հասարակական վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

Խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրին նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգիչ համարեց խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով քրեական գործերով կասկածյալի նկատմամբ կիրառվող բռնությունները, պաշտպաններից պարտադրաբար հրաժարվելու դեպքերը, անօրինական հրամանները, ընտրությունների ժամանակ ոստիկանների պահվածքը: Նա նկատեց, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել