Այսօր 90-ական թվականներից ավելի վատ վիճակում ենք, մեր տարածքները ոչ թե գրավեցին ադրբեջանցիները, այլ այն պարզապես նվիրաբերվեց թշնամուն։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
«Սիրելի՛ սյունեցիներ
Վարչապետի աթոռը զբաղեցնող դեղին մամուլի լրագրողը, որը սովոր է խաբեությամբ և ստորությամբ առաջ սողալ, այսօր կառչած է աթոռից։ Մեր գլխավոր, միասնական նպատակը հողատուին պաշտոնանկ անելն է։ Սյունիքը երեկ վարպետության դաս ցույց տվեց, հիմա էլ պետք է ոտքի կանգնի և պահանջի ստահակ խաբեբայի հրաժարականը։ Հիմա կհարցնեք ինչո՞ւ հենց Սյունիքը։
Մի քանի օր առաջ Սյունիք էր ժամանել և ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպել ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Վերադառնալով Երևան, հաջորդ առավոտյան նա ստորագրել է Սյունիքի սահմաններին վերաբերող մի փաստաթուղթ, որը ոչ մի առնչություն չուներ նոյեմբերի 9֊ի կապիտուլիացիայի հետ։
Դրան հաջորդող օրը ադրբեջանցիներն արդեն ազատ շրջում էին Գորիսի մոտակայքում։
Այս ամենը կազմակերպելուց ու ստորագրելուց հետո, հողատուն որոշեց գալ Սյունիք, արհամարհանք դրսևորելով մեր ժողովրդի հանդեպ։
Փառք Աստծո, կարողացանք ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել և վռնդել դրան Սյունիքից։
Հողատուի հանձնարարականով և ճիվաղ նախարարի ձեռքով ստորագրված փաստաթուղթը մեզ տարավ 90֊ական թվականներ։ Վստահ եմ, որ ոչ֊ոք չի մոռացել, թե ի՞նչ է կատարվել այդ տարիներին։ Հրետակոծության տակ էին Գորիս և Կապան քաղաքներն ու շրջակա գյուղերը, ունեինք բազմաթիվ զոհեր։ Այդ օրերին Գորիս֊Կապան ճանապարհահատվածում ամենօրյա սպանություններ և գերիներ ունեցանք։
Այսօր 90-ական թվականներից ավելի վատ վիճակում ենք, մեր տարածքները ոչ թե գրավեցին ադրբեջանցիները, այլ այն պարզապես նվիրաբերվեց թշնամուն։
Նիկոլը չի կարող իր ստերով կերակրի, հետո չարախնդա մեր ժողովրդի վրա։ Նրա հրաժարականը օրվա հրամայականն է, և ես կոչ եմ անում արժանապատիվ սյունեցիներին՝ պահանջել դավաճանի հրաժարականը։ Մենք հող չունենք տալու թշնամուն և մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայի կյանքը։
Խնդրում և հորդորում եմ բոլորին՝ վեր կանգնել քաղաքական, կուսակցական, սորոսական, գաղափարներից, չտրվել մանրադրամների և պայքարել հանուն հայրենիքի։ Սյունեցին ունի հերոսական անցյալ և ներկա։ Հիմա պահն է, որ տեր կանգնենք մեր հերոսների անցած ուղուն և մեր սրբագին հողին։ Ավելին, հայրենիք վերադառնալուն պես խոստանում եմ. միասին հետ ենք բերելու մեր ծախված հողերը»,-նշել է նա։