Դատավորը չպետք է որևէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից: Դատավորներին տրվող «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի, ինչպես նաև ներված պահանջը, անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը կամ մատուցված ծառայությունը, փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլն:
Վերը սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝
1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների և պարգևների վրա.
2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի վրա.
3) պաշտոնական արարողության ժամանակ կազմակերպվող հյուրասիրության վրա.
4) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված.
5) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա.
6) հատուկ իրադարձությունների, մասնավորապես՝ ամուսնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է իրադարձությանը և միմյանց միջև հարաբերությունների բնույթին.
7) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերի վրա, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին.
8) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.
9) ֆինանսական ինստիտուտներից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:
Եթե վերը շարադրված` թույլատրելի համարվող նվերները, որոնք օրացուցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 250. 000 ՀՀ դրամը, կամ օրացուցային տարում ստացված թույլատրելի համարվող նվերները բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին հնարավորինս սեղմ ժամկետում հայտնել Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին:
Հ.Գ. Եթե դատավորին տրվել է թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը ողջամիտ ջանքերով հնարավոր չէ, ապա նա պարտավոր է այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը:
Աղբյուրը` Իրավաբան.net