Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել իր հայտարարությունից հետո․ փոխքաղաքապետը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ժամեր առաջ բերման է ենթարկվել։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Ոստիկանությունը Առուշ Առուշանյանին բերման է ենթարկել մի քանի ժամ առաջ, այն բանից հետո, երբ քաղաքապետը հայտարարեց, որ գորիսեցիները ճանապարհը փակելու են և թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո բերման են ենթարկել քաղաքապետին։

Հիմա սյունեցիները հավաքված են ճանապարհի կենտրոնում ու փակել են ճանապարհը։ Ոստիկանական տասնյակ մեքենաներ են ամբողջ գիշեր տեղափոխվել Սյունիքի մարզ։ Այժմ Գորիս ոչ մեքենա է մտնում, ոչ էլ դուրս գալիս, մեքենաների հսկայական կուտակումներ են, բազմաթիվ մարդիկ են հավաքված»,-ասաց Յոլյանը։

Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասաց, որ Սյունիքի մարզ գնալու որոշումը կայացվել է ոչ էե այնտեղ կրքեր բորբոքելու համար, այլ նրանց աչքերին նայելու, հարցերին պատասխանելու համար։

Այս մասին փոխքաղաքապետն ասաց․ «Սյունեցիներն այստեղ են, եթե սյունեցիներին լսելու որևէ խնդիր կա, այստեղ հազարավոր մարդիկ են եկել, հարյուրավոր մեքենաներ կան, կարող է գալ և ուղիղ նայել, ոչ թե ոստիկանական տասնյակ մեքենաներ ուղարկել՝ խոչընդոտելու սյունեցիների ազատ ու անկաշկանդ տեղաշարժը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել