Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Լեռնային Ղարաբաղի անհետ կորած զինծառայողների մասին տվյալների հավաքագրման թեժ գիծը 4 անհետ կորած զինծառայողների մասին դիմումներ է ստացել։
Այս մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ առաքելության թելեգրամյան ալիքը։
«Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կորած զինծառայողների մասին տվյալների հավաքագրման թեժ գծին 4 անհետ կորած զինծառայողի վերաբերյալ դիմումներ են ստացվել: Տվյալները ստուգվել են, մշակվել և փոխանցվել են Խաղաղապահ առաքելության վերահսկման կենտրոնի որոնողական ջոկատներին»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր․
«Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս»: