Հիմա մեր սահմանապահները տարածքը վերահսկում են գյուղի ներքևի մասով․ Շուռնուխի համայնքապետը մանրամասներ է հայտնում

«Մեր գյուղում ադրբեջանցիներ չեն երևում, չեն երևացել։ Այժմ գյուղում ամեն ինչ նորմալ է»,- Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։

Խոսելով Որոտան գյուղից՝ համայնքապետն ասաց․

«Գիտեմ, որ Որոտանում եկել են այսօր ադրբեջանցիներ, դրոշը բերել են ընդեղ՝ անմիջապես ճանապարհի կողքին, բայց ռուական կողմի միջամտությամբ հանվել է, ու իրենք հետ են քաշվել»։

Նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ Որոտանում գյուղացիները բնականոն իրենց կյանքով ապրում են․

«Ճանապարհները բաց են, ազատ, մեքենաների շարժ կա, Որոտանի կողմից էլ են գալիս, այստեղից էլ են գնում»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Համայնքապետի խոսքով՝ Շուռնուխում ռուս խաղաղապահներ չկան, սահմանին ԱԱԾ սահմանապահ զորքն է և գյուղացիները։ Կան նաև կամավորական ջոկատներ Գորիսից։ Նրա խոսքով՝ եթե չլինեն ու չպահեն սահմանը, գյուղը կկիսվի։

Այսօր Շուռնուխում ՀՀ պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների ներկայացուցիչներ չեն եղել․

«Երեկ առավոտյան եմ հանդիպել և՛ ռուսական, և՛ հայկական կողմերին, նրանք հավաստիացրել են, որ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Հիմա մեր սահմանապահները տարածքը վերահսկում են գյուղի ներքևի մասով, և փաստացի, գյուղը հայկական է, եթե սահմանապահներն այդտեղ են կանգնած»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել