ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․
«Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում այսօր բացվել է առաջին Թումո կենտրոնը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության ու նորարարության զարգացմանը:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ինչպես նաև Թումոյի շրջանավարտներ ու կենտրոնի ապագա ուսանողներ: Նախագիծն իրականացվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «dot818» ընկերության համագործակցությամբ:
Ողջունելով կենտրոնի բացումը` նախարար Վ. Դումանյանը նշել է, որ հատկապես մարզերում Թումո կենտրոնների տարածումը կնպաստի ինժեներական և տեխնիկական կրթության խթանմանը, ինչը հանրակրթության հիմնական ծրագրին զուգահեռ միտված է կրթության որակի էական բարձրացմանը.
«Կարևոր է, որ նախագիծն իրականացվում է նաև Արցախում, որտեղ նույնպես բացվելու են նմանօրինակ կենտրոններ` նպաստելով արցախցի երեխաների մտավոր ներուժի զարգացմանը: Բնագիտական և մաթեմատիկական ուղղությունը մեր կրթական առաջնահերթություններից է, և այդ առումով Թումո ցանցի ընդլայնումը դիտարկում ենք որպես կարևոր բաղադրիչ»:
Գավառի նորաբաց կենտրոնը գործելու է Թումո-տուփ ձևաչափով. նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է: Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած Թումո լաբորատորիա է, որտեղ ուսանողներն անցնելու են Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը:
Ծրագրի գործնական դասընթացները Գավառի ուսանողների համար կկազմակերպվեն Դիլիջանի Թումո կենտրոնում: Յուրաքանչյուր Թումո տուփ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում տարեկան շուրջ 320 պատանիների կրթություն ապահովելու հնարավորություն է տալու: Բացի հիմնական ծրագրից՝ առավոտյան ժամերին Թումո տուփը կարող է օգտագործվել նաև այլ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:
Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացել են Թումո տուփի առաջին գրանցված գավառցի պատանիների հետ, որոնց համար փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ հանդիպումը ծրագրի բացահայտման նոր հնարավորություն էր:
Նրանցից ոմանք առաջին փորձարկումներն են արել ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:
Հաջորդ Թումո տուփը կբացվի Տավուշի մարզի Բերդ համայնքում»: