Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը տեսանյութով պատմել է, թե ինչ է խոսել ռուս խաղաղապահների հետ.
«Խաղաղապահների ընդհանուր պատասխանատուն ասաց՝ պիտի զենքերը հանձնեք: Ես էլ հարց տվեցի՝ կերաշխավորե՞ք, որ մենք նույն ձև զոհեր, առեւանգվողներ չենք ունենա: Ասաց՝ ես խոստանում եմ, ասացի՝ զենքս կտամ, երբ դու ապահովես այդ 5 կմ-ի պայմանագիրը: 5 կմ-ը ապահովի, ես հանգիստ լինեմ, հող մշակեմ, ապրեմ, մի քիչ ես էլ հանգստության կարիք ունեմ»,- ասել է նա:
Համայնքապետը նշել է, որ գյուղացիներն էլ ունեն պաշտպանվելու իրավունք:
«Մենք խախտում չենք արել, ընդամենը խաղաղ բնակիչներ ենք ու երբ իրենք իրենց գործը չեն անում, մենք ստիպված մեր սարերը պահում ենք: Հիմա իրենք ասացին, որ մենք իբր թե խախտում ենք, որ չենք ենթարկվում: Ասացինք՝ եթե սա է օրենքը, կենթարկվենք, խնդիր չկա, ոչինչ, բայց մեզ պիտի երաշխիք կանգնեք, վստահ լինենք, որ անելու եք, ոչ թե առավոտ հելնենք։ Ասացինք՝ չենք ուզում կոնֆլիկտներ, բայց գոնե զենքերից մի քանիսը թողնեք: Ասում է՝ չենք քննարկում, կհանձնեք զենքերը, ես կապահովեմ, խոստանում եմ»,- նշել է նա:
Անդրանիկ Չավուշյանն ասել է, որ 10 մլն հայություն կա ու այդ 10 մլն-ից ոչ մեկի սրտով չէր պատահածը, չենք հաշտվում այս կորուստի հետ.
«Ասացի՝ մեր ճանապարհը երաշխավորում եք, ադրբեջանցին անցնում է, կուտակումներ է անում, մեզ էլ տարեք Բաքու, ինչի՞ եք թողնում Ստեփանակերտ գան, առեւտուր անեն, ես էլ ուզում եմ այնտեղ: Ասաց՝ դա ուրիշ բան է: Ի՞նչ ուրիշ բան է, Ստեփանակերտը մայրաքաղաք է, Բաքուն էլ իրենց մայրաքաղաքն է: Ասել եմ՝ ես վախենում եմ թուրքի վայրագությունից ու միակ երաշխիքը, որին ես վստահում եմ, իմ զենքն է այս պահին: Մեզ ասում են՝ զենքերը հանձնիր, հսկիր: Զինվորի զինաթափումը նշանակում է մահ: Ինքը խոստացավ, ասաց՝ ես կապահովեմ ձեր անվտանգությունը: Վաղը առավոտյան գալու են»,- նշել է նա: