Հաստատվել է քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցաջակցության ընթացակարգը․ ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է․

«Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ընթացակարգը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Շահառուն կարող է դիմում ներկայացնել  e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառու են և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքացիները, որոնց աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով՝

1․ առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000 դրամ,

2․ երկրորդ խմբի դեպքում` 2.000.000 դրամ,

3․ երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ,

4․ հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000  դրամ,

5․ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5.000.000 դրամ։

Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին քաղաքացին գրավոր եղանակով կտեղեկանա առավելագույնը 30 օրվա ընթացքում: Գումարը կտրամադրվի անկանխիկ՝ դիմումը հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Հաշմանդամություն ձեռք բերած չափահաս շահառուները դիմումի մեջ պետք է նշեն անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, բանկային հաշվեհամարը՝ կցելով բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը։

Անչափահաս շահառուի դեպքում պետք է նշել օրինական ներկայացուցչի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, բանկային հաշվեհամարը՝ կցելով ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները։

Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ պետք է նշել անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը՝ կցելով զոհվածի մահվան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։

Այս դեպքում անհրաժեշտ է կցել նաև ամուսնության վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ամուսնու համար, զոհվածի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ծնողի համար, երեխայի ծննդյան վկայականի և երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի երեխայի համար։

Ներկայացվում է նաև տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) վերաբերյալ՝  համաձայնության դեպքում կցելով նաև նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել