«Բաց կառավարման գործընկերության» ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակման շրջանակներում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով առցանց քննարկում․ կրթության ոլորտ

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել առցանց քննարկում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը»՝ կրթության ոլորտի վերաբերյալ։

Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Առաջակցության ստորաբաժանման աջակցությամբ։ 

Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Հիշյալն իրականացնելու համար կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակում են գործողությունների պլաններ՝ սահմանելով հստակ միջոցառումներ, որոնք ուղղված են Նախաձեռնության նպատակների նվաճմանը։

«ԲԿԳ Հայաստան» նախաձեռնության ծրագրի համակարգող և քարտուղար Լիլիա Աֆրիկյանի փոխանցմամբ՝ 2018թ. հավաքագրվել է 18 հանձնառություն, արդյունքում պետությունը ստանձնել է դրանցից 11-ը, որոնցից մեկը վերաբերում էր կրթության ոլորտում հասանելիության ապահովմանը և կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։ 

«Ի կատարումն այս հանձնառության, հարկ էր ստեղծել կրթության բաց, հասանելի, համընդհանուր պորտալ, որտեղ տեսանելի կլիներ, թե որ դպրոցում, որ դասարանում քանի՞ ազատ տեղ, հետևաբար կոնկրետ հաստատության լիազորությունները՝ ընդունել կամ չընդունել աշակերտին, կամայականության դաշտ չէր անցնի»,-նշել է նա:

Աֆրիկյանի խոսքով՝ գործընթացը նախաձեռնվել է դեռ համաճարակից առաջ, ուստի համաճարակի պայմաններում ընդունելությունն արդեն կազմակերպվեց առցանց: 

«Հարկ է նշել, որ բացի այն քայլերից, որոնք ստանձնվել էին քննարկվող հանձնառությամբ, նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկեց ուսուցման էլեկտրոնային տարբերակը: Տեղյակ ենք, որ շատ ուսուցիչներ շարունակում էին օգտագործել Viber հավելվածը, քանզի չէին տիրապետում էլեկտրոնային հատուկ գիտելիքների»,-նշել է բանախոսը:

Լիլիա Աֆրիկյանը կարևորեց քաղաքացիական հասարակության շարունակական ակտիվությունը, պահանջատեր լինել, քանզի, նրա դիտարկմամբ, դժվար է բարեփոխել համակարգն առանց բողոքների և համագործակցության:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Հարությունյանը նշեց, որ 2018թ. «Արմավիրի զարգացման կենտրոնը» Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել է ծրագիր՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» ազգային գործողությունների 4-րդ ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը․ «5-րդ ծրագրի մեկնարկին կարևոր ենք համարում բարելավել ծրագրի համատեղ մշակման գործընթացը, ապահովել բազմակողմ, բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսություն և հետադարձ կապ, բարձրացնել ԲԿԳ խնդիրների մասին իրազեկվածության մակարդակը»

ՀՀ-ի կողմից կրթության ոլորտում ստանձնած ԲԿԳ հանձնառությունների և դրանց կատարման ընթացքը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը:

Նա նշեց, որ իր կողմից իրականացված ՄԻՊ ռազմավարության և դրա միջոցառումների իրականացման կատարման մոնիթորինգի շնորհիվ պարզել է, որ կրթության ոլորտում նախատեսված է եղել երկու միջոցառում, երկուսն էլ նախատեսված են եղել 2020 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում իրականացնելու համար։ Դրանցից մասամբ իրականացվել է միայն մեկը, այն է՝ օրենսդրորեն ամրագրել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության իրավունքի իրացման մեխանիզմները: Այս առումով որպես կատարված աշխատանք ԿԳՄՍՆ-ը հայտնել էր, որ վերաբերելի թեմայով մշակվել է կարգ, որը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ: Նախագիծը դեռևս հրապարակված չէ:

«Հաջորդ գործողությունը եղել է հետևյալը. ընդունել ներառական կրթության ապահովման ռազմավարություն և գործողությունների ծրագիր՝ կրթական բոլոր մակարդակների համար: Այս մասով ԿԳՄՍՆ-ը տեղեկատվություն չի տրամադրել: Նշենք նաև, որ նախկինում ԲԿԳ-Հայաստան 4 ծրագրերում կրթությանը վերաբերելի դրույթներ գտնվում են երկրորդ և չորրորդ ծրագրերում:

Երկրորդ ծրագրում առկա է եղել կրթության վերաբերյալ մեկ հանձնառություն՝ ՀՀ հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ընտրության և տարեկան բյուջեի պլանավորման ու ծախսերի թափանցիկության ապահովում: Արդյունքը եղել է նախարարի հրաման, որով ստեղծվել է աշխատանքային խումբ հկ-ների մասնակցությամբ, որը մշակել է «Պետական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման կարգը»,-նշեց Սողոմոնյանը:

Ընդհանուր առմամբ, ԲԿԳ նախաձեռնությունը մինչ այժմ ունեցել է կրթական 183 միջազգային հանձնառություն, որոնցից 118-ը գնահատվել են Անկախ հաշվետվական մեխանիզմի կողմից: ԲԿԳ 55 անդամներ իրականացրել են այդ հանձնառությունները, իսկ 28-ը ներկայումս գտնվում են իրականացման փուլում:

Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց այս ոլորտում ԲԿԳ միջազգային փորձը, մասնավորապես անդրադառնալով՝ Սլովակիայի, Չեխիայի, Տանզանիայի և Արգենտինայի օրինակներին: 

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը նշեց, որ կազմակերպությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր առ այն, որ Կառավարությունը չէր կարողանում համապատասխան քանակով համակարգիչներ տրամադրել դպրոցներին այն բանից հետո, երբ համաճարակով պայմանավորված դպրոցների դասերը կազմակերպվեցին հեռավար կարգով։ Ի լրումն հիշյալի, սոցիալական ցածր խավի ներկայացուցիչների մի մասը չունեն համակարգչային տեխնիկա, մյուս մասն էլ՝ բավարար տեխնիկական հմտություններ: Ներառական, հաշմանդամություն ունեցող երեխաները հետ մնացին կրթական պրոցեսից:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտ Կարեն Ղազարյանը նշեց, որ դասախոսական կազմից շատերն իրենք էլ չէին տիրապետում համակարգչային հմտությունների, ինչի պատճառով դասաժամը պակասում էր, չէր ծախսվում դաս անելու վրա:

«Հաշվի չառնվեց այն հանգամանքը, որ կրթություն չի տրամադրվել ուսանողներին, կամ տրամադրվել է նախատեսված քիչ և ցածր որակով, բայց ի հեճուկս սրան՝ ուսանողներից ուսման վարձերը պահանջվեցին ամբողջ ծավալով։  Ուսման զեղչերը, Կառավարության կողմից տրվող արտոնությունները խտրական բնույթ են ունեցել և չեն հիմվել իրական կարիքի գնահատման վրա: Խնդրահարույց են այն մեթոդները, որոնցով Կառավարությունը ընտրել է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների։ Արդյունքում, բարձր առաջադիմություն ունեցող իրական ուսանողները զրկվեցին արտոնություններ ստանալու հնարավորությունից։ Ավելին, Կառավարության սուբսիդիաները տրամադրվում էին ոչ պարզեցված ընթացակարգով։ Մշակված չափանիշները կարիքահեն չէին։ Ուսանողներին մերժում էին տրամադրել վարկեր՝ Կառավարության սուբսիդիար ծրագրերի շրջանակներում՝ տարբեր պատճառաբանություններով․ փաստաթղթերի պակաս, գրանցված կամ առհասարակ աշխատանք չունենալ, վարկային պատմություն չունենալ և այլն։ Համաճարակով պայմանավորված եղել են դեպքեր, որ ուսման վարձը չմուծելու հիմքով ուսանողները դուրս են մնացել բուհերից»,-նշեց Ղազարյանը։ 

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ծրագրերի համակարգող Սոնա Մակասյանի խոսքով՝  Տավուշի մարզի Այրում և Վազաշեն համայնքների ավագ դպրոցականների հետ կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ երիտասարդները վստահ են՝ հեռավար կրթությունը չի կարողացել ապահովել կրթության համապատասխան որակը և արդյունավետությունը: Սովորողները 2020 թվականի կրթական փուլը բաժանում են երկու շրջանի՝ մարտից հունիս և սեպտեմբերից դեկտեմբեր: Առաջին շրջանը երիտասարդները համարում են ծայրահեղ անարդյունավետ, քանզի դասերը հիմնականում կազմակերպվել են Viber սոցիալական հարթակի միջոցով, նամակների տեսքով: Ինչ վերաբերում է երկրորդ շրջափուլին, դասերն աչքի են ընկել որոշակի կազմակերպվածությամբ, քանզի այդ շրջանում վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ուսուցիչների համար, ինչպես նաև նախարարությունը http://esource.armedu.am/  կայքում տեղադրել է տարաբնույթ թեմատիկ և գործնական դասեր՝ ի լրացումն Zoom հարթակի միջոցով կազմակերպվող դասերին: 

«Հավասար հնարավորություններ» ՀԿ համակարգող Գայանե Թունյանը նշեց, որ պետության սուբսիդավորման և ԲՈՒՀ-երի կողմից տրվող զեղչերի մասով հիմնականը խնդիրը կայանում էր նրանում, որ երբ նույն ուսանողին միաժամանակ սուբսիդավորում էր թե՛ պետությունը, թե՛ ԲՈՒՀ-ը, աշխատանքները չէին կազմակերպվում այնպես, որ Կառավարության կողմից սուբսիդավորվող ուսանողների՝ ԲՈՒՀ-երում ունեցած քվոտաները փոխանցվեին մյուս ուսանողներին։ շ

«Հայկական սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը առաջարկեց, որպեսզի Հայաստանը սկսի մասնակցել կրթության ոլորտի միջազգային մրցույթներին: 

«Օրինակ, ամեն տարի կազմակերպվում է «Աշխարհի լավագույն ուսուցիչ» համաշխարհային մրցույթը։ Այս տարի 145 երկրներից հայտ են ներկայացրել 12.000 ուսուցիչ։ Եզրափակիչ են անցել 10 երկրի ներկայացուցիչներ: Հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչը, ով իրեն հասանելիք մրցանակային ֆոնդի հիսուն տոկոսը, որը կազմում էր մեկ միլիոն դոլար, բաշխել է եզրափակիչ փուլ նաև մնացած 9 երկրների ուսուցիչների միջև: Նմանատիպ մրցույթները մեծապես կբարձրացնես Հայաստանի հեղինակությունը, ինչպեսև կխթանի ազգային մակարդակում մրցակցությունը ուսուցիչների շրջանում, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի կրթության համակարգի զարգացմանը»,-նշել է նա։

Քննարկման մասնակիցները պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա աշխատանքի հետ կապված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել