Կապ ենք հաստատել Հին Շենի և Մեծ Շենի հատվածում գտնվող զինծառայողների հետ. պատգամավոր

Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից հավանական գերեվարված մեր զինծառայողների խնդրի պարզաբանման համար ՀՀ ԱԺ պատգամավորներից ես և Սոֆյա Հովսեփյանը այսօր վաղ առավոտյան ժամանել ենք Արցախ։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ հարազատների հետ հանդիպումներից զատ, ինչպես նախորդող օրերին, այդպես էլ այսօր մշտական կապի մեջ ենք Արցախի իշխանությունների հետ բոլոր մակարդակներում։

«Հանդիպել ենք Արցախի ԱԽ քարտուղարի հետ, կապ ենք հաստատել դժվար հասանելիություն ունեցող Հին Շենի և Մեծ Շենի հատվածում գտնվող Շիրակի մարզի զինծառայողների հետ։ Որոշում է կայացվել, որի մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ վաղը։

Զրուցել ենք նաև Հայկ Խանումյանի հետ, որը շուրջ 40 օր Խծաբերդի մարտական հենակետում իր ընկերների հետ պաշտպանել է տվյալ հատվածը։ Հայկը փայլուն տիրապետում է տարածքին, ուստի միասին քննարկել ենք այն ուղիները, որոնցով հնարավոր կլիներ տղաների անվտանգ ելքը տվյալ տարածքից։

Ավելի ուշ հանդիպել ենք Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ, մանրամասն դիտարկել ենք համացանցում տարածված տեսանյութը, որի արդյունքում պարզ է դարձել, թե որ հատվածում է այն նկարահանվել՝ Քիրսավանի՞, թե՞ Խծաբերդի։

Այժմ կապ պահելով ծնողների եւ մարզային իշխանությունների հետ՝ հստակեցրել ենք այն անձանց շրջանակը, որոնցից տեղեկություն չկա վերջին օրերի ընթացքում։

Արցախի նախագահի հետ վաղը նախատեսվող հանդիպմանը կպարզենք, թե բանակցությունների ինչպիսի ընթացք է եղել ռուսական կողմի հետ։ Նոր մանրամասներ լինելուն պես կտեղեկացնենք»,- գրել է պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել