Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Երկուստեք ընդգծվեց, որ Գործընկերության խորհրդի հերթական նիստի անցկացումը լավ հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և բովանդակային քննարկումներ ծավալելու հետագա անելիքների ու ծրագրերի շուրջ:
ԱԳ նախարարի և ԵՄ Բարձր ներկայացուցչի հանդիպման առանցքային թեմաներից էին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անընդունելի համարեց ԱլԳ անդամ երկրի կողմից նախաձեռնության հիմքում ընկած արժեքների ոտնահարումը և Թուրքիայի գործուն աջակցությամբ Եվրամիության Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման փորձ ձեռնարկելու վտանգավոր նախադեպի ստեղծումը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը խորը մտահոգությամբ նշեց, որ Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները վտանգում են անվտանգային միջավայրը Արևելյան հարևանության տարածաշրջանում և աղետալի հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանային անվտանգության համար:
Երկուստեք կարևորվեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: