Թուրքագետ Վարուժան Գեղմյանը տելեգրամյան իր էջում գրել է․ «Կից քարտեզում երևում են այն երկրները, որտեղ Թուրքիան ունի ռազմական ներկայություն՝ գերազանցապես ռազմաբազաների տեսքով։ Քարտեզը մակերեսային զննելով՝ նույնիսկ դիլետանտը կհասկանա, թե տարածաշրջանային որ պետություններին դուր չի գա հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և Թուրքիայի այսչափ հզորացումը։ Հարցի պատասխանն ակնհայտ է՝ Իրան և Սաուդյան Արաբիա, որոնք ունեն իրենց սեփական ամբիցիաները տարածաշրջանում։ Հետևաբար՝ հենց այս պետությունների հետ Հայաստանը կարիք ունի առաջին հերթին հարաբերությունները խորացնելու՝ թուրք-ադրբեջանական աճող ագրեսիային դիմագրավելու համար։ Հայ-իրանական խորացված համագործակցությունը հատկապես ակտուալ է Սյունիքի պաշտպանությունն ու կենսունակությունն ապահովելու համար։
Գանք Երևան։ ՀՀ նոր արտգործնախարար Արա Այվազյանը նշանակվել է ճիշտ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 18-ին։ Գիտե՞ք քանի անգամ է նա խոսել Իրանի իր գործընկերոջ հետ։ Ոչ մի անգամ չի հանդիպել, հեռախոսազրույց չի ունեցել։ Ոչ մի անգամ։ Դե իսկ Սաուդյան Արաբիայի մասին ընդհանրապես լռում եմ։ Փոխարենը՝ ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատուն մի քանի անգամ զրուցել է Բալթիկ երկրների ղեկավարների հետ։ Սա շատ խոսուն փաստ է և վկայում է այն մասին, որ ՀՀ ներկայիս իշխանությունը այդպես էլ չհասկացավ, որ եվրոպաներում ու ամերիկաներում չի հզոր Հայաստանի բանալին։
Այս ամենին զուգահեռ այսօր, ժամը 17:00-ին Ադրբեջանին կհանձնվեն Սյունիքի ողջ արևելյան սահմանների բարձրադիր դիրքերը, որից հետո մի քանի տասնյակ հայկական գյուղ ու քաղաք կդառնա թուրքի ուղիղ թիրախ։ Ընդամենը մի մարդու աթոռին կառչած մնալու պատճառով Հայաստանը ավելի է խորանում ճգնաժամերի մեջ ու կորցնում զարգանալու բոլոր հնարավորությունները։ Իսկ դուք շարունակեք «փրկիչ», «նախկիններ» ու նման անհեթեթություններով տառապել։
ՀԻՇԵՑՈՒՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: