ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում խամաճիկային իշխանություն կամ անիշխանություն ձևավորելու միտում է տեսնում իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:
Էդմոն Մարուքյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու հրաժարական չի ներկայացնում այն դեպքում, երբ իր հրաժարականն են պահանջում Հայաստանի Հանրապետության բոլոր չորս նախագահները, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ընդդիմադիր քաղաքական ուժերը, մտավորականների ու մշակութային գործիչների մի մասը և այլոք:
«Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում խորհրդարանական ուժերը, չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Անընդհատ առաջարկում են սցենարներ` ժողովրդին անվերադարձ դուրս թողնելու քաղաքական գործընթացից: Առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն, որովհետև առաջարկում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, հենարան խորհրդարանում, չունի հեռանկար ստանալու ժողովրդի աջակցությունը, որովհետև պայման է դրվում, որ նա չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին: Այդ դեպքում իշխանությունը պատկանելու է նրան բերած ուժերին: Այդ մեկ տարվա ընթացքում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ իր հրաժարականը պահանջողներն այն մարդիկ են, որոնք 2018թ. հունիսից արդեն իր հրաժարականն էին պահանջում և հիմա ուղղակի առիթ է, որ այդ պահանջը բարձրաձայնվի: