ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանահ ասել է․ «Շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերի համար։
Այս կարգավիճակում իմ առաջին այցի ընտրությունը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների խորքային կապերի, բազմադարյա բարեկամության և եղբայրության ավանդույթների վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն:
Մեր հարաբերությունների էությունն իր մշտական արտացոլումն է գտնում տարբեր մակարդակներում` սկսած մեր քաղաքացիների միջև անձնային շփումներից մինչև միջպետական հարաբերություններ: Այդպես է եղել նաև պատմական կտրվածքում՝ համատեղ հաղթանակների օրերին և ոչ միայն։ Ինչպես Դուք հենց նոր նշեցիք, այդպես է եղել նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների հաղթահարման ժամանակ, և այսօր վերջինիս 32-րդ տարելիցն է։
Սույն տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցության և Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը հանդիսացավ նոր ցնցում։
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել ռուսական կողմին, անձամբ Ձեզ՝ Սերգեյ Վիկտորի, հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման գործում ունեցած մեծ ներդրման և հետևողական ջանքերի համար:
Այսօր ստեղծված իրավիճակը, այդ թվում և տարածաշրջանային մակարդակով, պահանջում է գնահատականներ և լուծումներ, որոնց իրագործումը տեսնում ենք հասարակության և ողջ հայ ժողովրդի համախմբման, Հայաստանի պետական ինստիտուտների ճշգրիտ գործունեության, դինամիկ տնտեսություն և պաշտպանունակության բարձր մակարդակ ունեցող երկրի դիտակետից: Եվ, ի վերջո, դաշնակիցների ու ընկերների հետ սերտորեն համագործակցող ուժեղ պետության՝ Հայաստանի Հանրապետության դիտակետից։
Ակնկալում ենք, որ մենք կշարունակենք քննարկումները, որոնք մեկնարկել են Երևանում՝ ռուսական միջգերատեսչական պատվիրակության՝ նոյեմբերին կատարած այցի շրջանակներում։
Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն հատկացնել այնպիսի հարցերին, ինչպիսիք են ռուս խաղաղապահների գործունեությունը, փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծումը, բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն ուղղված հետագա քայլերը, լոգիստիկ հարցերը, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնման համատեքստում և այլն։
Բնական է, որ անհետ կորածների որոնման, ռազմագերիների և աճյունների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է հրատապ լուծում: Այն հատկապես արդիական է` հաշվի առնելով ռազմագերիների և ոչ միայն, նկատմամբ բառի բուն իմաստով բարբարոսական վերաբերմունքի բազմաթիվ և հաստատված փաստերի մասին ստացվող տեղեկատվությունը: Արդիական հարցերի թվում է հայկական կրոնական և մշակութային վայրերի պահպանման հարցը:
Լիահույս ենք, որ Ռուսաստանը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առաջ կմղի ինչպես այդ հարցերի լուծումը, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն, ընդհանուր առմամբ, ինչն արդիական է դարձնում համանախագահության ինստիտուտի հետագա գործունեությունը:
Պատրաստ ենք դաշնակցային գործակցության հունի մեջ դիտարկել երկկողմ հարաբերությունների կարևոր ասպեկտները՝ քաղաքական, պաշտպանական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև քննարկել բազմակողմ օրակարգը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում արտաքին քաղաքականության համակարգման հարցերը, միջազգային այլ հարցեր:
Վստահ եմ, որ այցի արդյունավետության ապահովման ուղղությամբ երկուստեք հետաքրքրվածությունը նպաստելու է դաշնակցային գործակցության հետագա զարգացմանն ու Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»: