Հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր թուրքագետ Նաիրի Հոխիկյանը հայտարարեց, որ Ադրբեջանը և Թուրքիան Արցախի հարավում տեղակայել են մեծ թվով ահաբեկիչների: Իսկ Քարվաճառում եւ Քաշաթաղում պատրաստվում են տեղակայել Սիրիայի թուրքմեն ահաբեկիչներին, որոնք հայտնի են ռուսատյացությամբ։
Հոխիկյանի խոսքով՝ Ջրականում (Ջաբրայիլ) տեղակայված բավականին մեծ ռազմաբազայում հիմա 5000-ից ավելի ահաբեկիչներ կան, որոնց կողմից պարբերաբար հարձակումներ են լինում Իրանի շրջանների, սահմանակից տարածքների վրա։ Արդեն բավականին զոհեր կան իրանական զինված ուժերից:
«Պատահական չէ, որ Իրանը հենց Արցախի սահմանին է տեղակայել իր ռազմական ուժերի հսկայական հատվածը: Եւ պատահական չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի հարավի օկուպացումը: Իրանը աշխարհում թերևս ամենամեծ հանքահումքային բազաներից մեկն ունի։ Եվ այս պայքարը, ինչպես Արցախի վրա, այնպես էլ Իրանի վրա, հիմնականում նպատակ ունի գրավել այդ հանքահումքային ռեսուրսները։ Հաշվի առեք, որ արդեն սպանվել են իրանցի երկու խոշոր գործիչներ, իսկ Իսրայելի կողմից հնչում են հստակ հայտարարություններ Իրանի դեմ: Դրանք հունվարի 20-ից հետո ավելի ռազմատենչ բնույթ էին կրում, եւ մենք ականատես կլինենք մեծ քանակությամբ ահաբեկիչների ներթափանցում դեպի Իրանի հյուսիսային շրջաններ։ Մենք պետք է պատրաստ լինենք ավելի մեծ պատերազմի, ավելի մեծ ճգնաժամի։ 2021թ.-ին մենք ընդհուպ կանգնած ենք լինելու ՀՀ-ի տարածքներ ունենալ-չունենալու առաջ։ Շատ պատգամավորներ, հատկապես «Իմ քայլը» խմբակցությունից, առայժմ «խնդրել» են ինձ այս խնդիրների մասին չխոսել, բայց չխոսելը նշանակում է դավաճանել մեր ազգային անվտանգությանը»,-նշել է նա: